Zark Foundation

Հակոբ Պարոնյան

Հակոբ Պարոնյան

Դրամատուրգ, երգիծաբան

19 նոյեմբեր, 1843 - 27 մայիս, 1891

Ծնվել է Ադրիանապոլիսում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ 1857թ. ընդունվել է հունական դպրոց, մեկ տարի անց հեռացել է և այլևս չի շարունակել ուսումը։ Եղել է դեղատան աշխատող, հաշվապահ։ 1863թ. տեղափոխվել է Կ.Պոլիս, աշխատել հեռագրատանը, զբաղվել գրական-լրագրական գործունեությամբ։ 1871-72թթ դասավանդել է Մեզպուրյան վարժարանում։ 1873թ. եղել է պատրիարքարանի պաշտոնյա, ապա մեկ տարի ուսուցիչ՝ Սկյուտարի ճեմարանում։ Նյութական պայմաններից դրդված 1877թ. կեսերին մեկնել է Զմյուռնիա, 1878թ. սեպտեմբերին փոխադրվել է ծննդավայր, 1879թ. հունիսից ընդմիշտ հաստատվել Կ.Պոլսում: 1880թ. եղել է «Միացյալ ընկերություն հայոց»-ի քարտուղարը, 1888թ.՝ տոմարակալության ուսուցիչ Կեդրոնական վարժարանում։ Գրական ասպարեզ է իջել որպես թատերագիր՝ 1865թ. գրած «Երկու տերով ծառա մը» (հրատարակվել է 1911թ.) և «Ատամնաբույժն արևելյան» (1868թ.) կատակերգություններով։ Նրա երգիծական տաղանդը զարգացել է լրագրական ասպարեզում։ Նախապես աշխատակցել է «Փող առավոտյան»-ին, «Եփրատ»-ին, որի խմբագիրը 1871թ-ից եղել է ինքը։ 1872թ-ից սկսվել է գրողի լրագրական գործունեության առաջին շրջանը, երբ Հարություն Սվաճյանը իր հանդեսի երբեմնի աշխատակից և օգնական խմբագիր գրողին է հանձնել «Մեղու» պարբերականի խմբագրությունը։ Այստեղ նա հանդես է եկել գերազանցապես ազգային-հասարակական կյանքին, ընտանեկան կենցաղին ու բարքերին, լրագրությանը, թատրոնին վերաբերող հրապարակախոսական հոդվածներով։ «Մեղու» թերթում են հրատարակվել նրա «Խայթվածք», «Ասկե անկե» փոքրիկ զրույցները, որոնք ժամանակի և օրվա կյանքն արտացոլող երգիծական պատկերներ ու դիտողություններ են: 1874թ-ից սկսվել է գրողի գործունեության երկրորդ շրջանը (1874-77թթ), երբ «Մեղու»-ն հրատարակվել է «Թատրոն» անունով։ Նրա հրատարակությունը համընկել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակաշրջանին։ «Թատրոն»-ը մերկացրել է եվրոպական տերությունների կառավարողների նենգամտությունը «Հայկական հարցում», արձագանքել ազգային-հասարակական կյանքին: Կատարելության է հասցրել քաղաքական, ազգային, կենցաղաբարոյական հարցեր շոշափող ֆելիետոնային հոդվածների ժանրը։ «Թատրոն»-ում են լույս տեսել «Թղթակցությունք թատրոնի», «Գուշակությունք թատրոնի», «Բառարան թատրոնի», «Ազգային օրագրությունք», «Կսմիթներ» գործերը, որոնք քաղաքական երգիծանքի բարձրարվեստ նմուշներ են։ 1874թ-ից «Թատրոն»-ում սկսեց տպագրվել «Ազգային ջոջեր»-ը։ «Ջոջերը» հեղինակի ժամանակակիցներն են, կենդանի մարդիկ, անցյալ դարի հայ հասարակական կյանքի և մտքի ներկայացուցիչներ, որոնց գրական-երգիծական դիմանկարներն ստեղծված են կենսագրական փաստերի տվյալներով, հաճախ՝ խտացած, չափազանցված գույներով, բայց առանց չարամտության ու նենգափոխության։ Գրողը ներկայացրել է մարդկային նկարագրի, հոգու և բնավորության, սովորույթների այլազան մի աշխարհ։ Թափանցել է ազգային «ջոջերի» (լրագրող, դերասան, ազգային գործիչ, բարձրաստիճան հոգևորական) ներաշխարհը և անխնա ծաղրել հասարակական չարիք հանդիսացող մարդկային արատներն ու թուլությունները։ Քաղաքական հետապնդումների և նյութական դժվարությունների հետևանքով «Թատրոն»-ը փակվել է։ 1876թ. զուգահեռաբար հրատարակել է «Թատրոն բարեկամ մանկանց» պատկերազարդ հանդեսը։ Աշխատակցել է նաև «Լույս», «Փորձ», «Արձագանք», «Փարոս Հայաստանի» պարբերականներին։ 1878թ. «Մասիս»-ում տպագրվել է «Կսմիթներ»-ի շարունակությունը, 1880թ. պրակ առ պրակ լույս են տեսել «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ»-ը, 1883թ.՝ «Ծիծաղ»-ը։ Ինքնատիպ հղացում է «Պտույտը...»։ Հերոսները թաղերն են՝ իրենց բնավորությամբ, մտավոր ու բարոյական վիճակով, կենցաղի հատկանիշներով։ 34 գլուխների մեջ ներկայացված է ամբողջ Պոլիսը, գերազանցապես՝ հայ բնակչությամբ, որը միատարր չէր ո՛չ իր դասակարգային պատկանելությամբ, ո՛չ հետաքրքրություններով, ո՛չ առօրյայով։ Յուրաքանչյուր թաղ ունի իր սոցիալական դեմքը, ինչպես՝ Բերան, որի սոցիալ-հասարակական ընդհանուր պատկերը՝ քաղքենիությունը, շվայտությունը, խարդախությունը, խաղամոլությունը և օտարացումը սեփական ժողովրդից ներկայացված է սպանիչ ծաղրով։ 1880թ. «Փորձ»-ում լույս է տեսել «Հոսհոսի ձեռատետրը», որի քաղաքական երգիծանքն ուղղված էր ազգային վերադաս մարմինների, թուրքական կառավարության և եվրոպական դիվանագիտության դեմ։ «Ձեռատետրը» իր ամբողջությամբ քաղաքական երգիծանքի հզոր խոսք է՝ առողջ, սրամիտ և ճկուն։ Համիդյան խստությունների արգասիք են «Ծիծաղ» խորագրով այլաբանական երկերը, որոնց հերոսները ոչ թե մարդիկ են, այլ՝ կենդանիներ՝ կատու, գորտ, կապիկ, աղվես, մրջյուններ, որոնք մարմնավորել են ազգային և համաշխարհային ճանաչված դեմքերի։ «Ծիծաղների» բովանդակությունը, ընդհանուր առմամբ, ազգային-հասարակական և մտավոր կյանքն է, միջազգային փոխհարաբերությունները։ Նրա գործունեության երրորդ շրջանը կապված է «Խիկար»-ի հրատարակության հետ (1884-88թթ)։ Համիդյան բռնությունների դաժան տարիներին այլևս անկարելի էր թուրքական բռնակալությունը մերկացնող ֆելիետոնների և քաղաքական հոդվածների հրատարակումը, և գրողը զբաղվել է ազգային կյանքի, ընտանեկան բարքերի հուզող հարցերով։ 1886-87թթ «Խիկար»-ում լույս են տեսել «Պաղտասար աղբար», «Քաղաքավարության վնասները» և «Խոսակցությունք մեռելոց» երկերը։ «Խոսակցությունք մեռելոց»-ը իրական կյանքի մերկացումն է, որից վտարված էին ճշմարտությունը, խիղճը, գութը, մարդասիրությունը։ Ստեղծագործության այլաբանական հերոսները՝ մեռած, իրենց ժամանակն ապրած կամ հալածված, հանդես են գալիս որպես կեղծ ու դաժան հասարակարգի մեղադրողներ։ «Քաղաքավարության վնասները» մարդկային տարբեր կերպարների ու փոխհարաբերությունների հավաքածու է. հերոսները օտարամոլության, խաբեության զոհեր են՝ զրկված անհատականությունից ու կամքից, բռնադատված քաղաքավարության կեղծ օրենքներով։ Հայ դասական թատերգության գոհարներից է «Պաղտասար աղբար»-ը, որի առանցքային հարցը ընտանիքի բարոյականությունն է, բովանդակությունը՝ անհավատարիմ կնոջ և խաբված ամուսնու բախումը։ Գլխավոր հերոսը՝ Պաղտասարը, միամիտ է, տգետ ու անտաշ, բայց հավակնում է երևալ խելացի և հնարամիտ, մյուսները, որ հակադրված են Պաղտասարին, դարձյալ համոզիչ ու կենդանի կերպարներ են. Անուշը՝ անհավատարիմ կնոջ, Կիպարը՝ բարոյազուրկ, խորամանկ ու ճարպիկ երիտասարդի, Օգսենը՝ արդարադատության դրամաշորթ պաշտոնյայի, դատաստանական խորհրդի անդամները՝ ազգային վարչական մարմինների խեղկատակ ներկայացուցիչների։ Դեպքերն ու գործողությունները, ինչպես և հերոսների նկարագիրները զարգանում են անակնկալ հայտնություններով, որոնք չեն կասեցնում, չեն ընդհատում երկի ամբողջությունն ու թափը։ Սրամիտ են կոնֆլիկտների լուծումները, ուժեղ է դրության և, մանավանդ, խոսքի կոմիզմը։ «Պաղտասար աղբար»-ը շոշափած հարցերի կենսունակությամբ, թատերական արվեստով արժանացել է բարձր գնահատանքի ու ճանաչման, թարգմանաբար բեմադրվել աշխարհի մի շարք քաղաքներում։ 1880թ. պրակ առ պրակ լույս է տեսել երգիծաբանի ամենածավալուն երկը՝ «Մեծապատիվ մուրացկաններ»-ը (առանձին գրքով՝ 1887թ.)։ Գլխավոր հերոսը ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Պոլիս եկող Աբիսողոմ աղան է, որի շուրջը ծավալվում են դեպքերն ու գործողությունները։ Պոլսում Աբիսողոմ աղան անմիջապես շրջապատվում է «մեծապատիվ մուրացկաններով»՝ շաղակրատ լրագրող, կեղծ բարեպաշտ քահանա, հրատարակության կարոտ բանաստեղծ, թեթևսոլիկ լուսանկարիչ, անգործ բժիշկ, արհամարհված ուսուցիչ, ծաղրված փաստաբան, աղքատ դերասան և ծույլ, շատախոս Մանուկ աղան, որն անբաժան է Աբիսողոմ աղայից։ Հերոսները կյանքի, հասարակական պայմանների բերումով մուրացկաններ դարձած հայ մտավորականության ներկայացուցիչներն են։ Հեղինակը ծաղրում է «մուրացկաններին», բայց մեղադրանքը նրանց ծնող կարգերի դեմ է։ Հեղինակի գլխավոր հատկանիշը նրա ռեալիստական արվեստի դեմոկրատիզմն է, կյանքի լայն ճանաչողությունը, ընդհանրացման ուժը, որով պայմանավորված է նրա երգիծանքի հավերժությունը։ Հեղինակել է նաև արվեստի (թատրոն, երաժշտություն) և գրականության հարցերին նվիրված բազմաթիվ քննադատական հոդվածներ։ Հայ նոր գրականության մեջ ծնունդ տալով երգիծանքին՝ «Մեղու»-ն ուղի հարթեց ապագա երգիծաբանության համար, որի հիմնադիրը դարձավ հենց ինքը, որից հետո ունեցավ իր տաղանդավոր հաջորդները՝ Երվանդ Օտյան, Առանձարև ուրիշներ։ Գրողի գործերի հիման վրա նկարահանվել են «Մսյո Ժակը և ուրիշները» (1964թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Ատամնաբույժն արևելյան» (1981թ.) կինոնկարները: Մահացել է Կոստանդնուպոլսում: Երևանում և ՀՀ այլ քաղաքներում Պարոնյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը: