Zark Foundation

Հակոբ Սիրունի

Հակոբ Սիրունի

Հայագետ, արևելագետ, գրող, գրականագետ

6 ապրիլ, 1890 - 7 ապրիլ, 1973

Հակոբ Ճոլոլյան
Ծնվել է Ադապազարում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա` Կ.Պոլսի Էսայան (1901-04թթ) և Կեդրոնական վարժարաններում։ 1909-13թթ սովորել է Կ.Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1908թ. և 1913թ. բանտարկվել է որպես քաղաքական անբարեհույս տարր։ 1915-18թ. ապրել է Կ.Պոլսի իր թաքստոցում, իսկ 1922թ-ից բնակություն է հաստատել Ռումինիայում։ Նախ հանդես է եկել որպես գրող և հրապարակագիր։ Նրա բանաստեղծությունների մեծ մասն ամփոփված է «Մթնշաղ» (1908թ.) և «Դեպի տաճարն հրաշքին» (1914թ.) ժողովածուներում։ Արձակ գեղարվեստական ստեղծագործությունները տպագրվել են ժամանակի պարբերական մամուլում` «Կյանքի մրուրեն» («Արևելք», «Բյուզանդիոն», 1907թ.), «Բանտի հուշատետրես» («Ազատամարտ», «Եգիպտահայ տարեցույց», 1914-15թթ) և այլն։ Գրել է նաև դրամատիկական գործեր, հուշագրություններ, դիմաստվերներ, կատարել թարգմանություններ ֆրանսիական, ռուսական, թուրքական գրականություններից, մասնակցել է Կ.Պոլսի մշակութային կյանքին։ 1913թ. կազմակերպել է Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Լևոն Շանթի և ուրիշների գրական ասուլիսները, հիմնել «Գրական ասուլիսներ» պարբերականը։ 1914թ. Դ.Վարուժանի հետ խմբագրել և հրատարակել է «Նավասարդ» տարեգիրքը։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914-18թթ) հետո մասնակցել է ՀՄԸՄ-ի, «Կոմիտասյան հանձնախումբ»-ի, «Արվեստի տան», «Հայ տրամաթիք»-ի կազմակերպման աշխատանքներին։ Աշխատակցել է ավելի քան 100 անուն հայկական, ռումինական, և ֆրանսիական թերթերի ու հանդեսների, խմբագրել և հրատարակել է «Երագ» (1906թ.), «Առավոտ» (1910թ.), «Արիամարտ» (1918-19թթ), «Նոր արշալույս» (1922-23թթ, 1931թ.), «Նավասարդ» (1923-26թթ), «Արի» (1924-28թթ), «Անի» (հանդեսը` 1935-38թթ, տարեգիրքը` 1941թ., 1942-43թթ, ռումիներեն), «Արագ» (թերթը` 1932-44թթ, տարեգիրքը` 1933-34թթ) և այլ պարբերականներ։ Ռումինիա տեղափոխվելուց հետո սերտ կապեր է հաստատել Ն.Յորգայի հետ, մշակութային, հասարակական գործունեություն ծավալել ռումինահայության մեջ, նպաստել հայագիտության և արևելագիտության տարածմանը Ռումինիայում։ Երկար տարիներ գրաբար, ժամանակակից հայերեն և թուրքերեն է դասավանդել Արևելյան Եվրոպայի հետազոտությունների և Բալկանյան ինստիտուտներում, արխիվային բարձրագույն վարժարանում։ Զբաղվել է ձեռագրագիտության, աղբյուրագիտության, մատենագիտության, հայ թատրոնի, գաղթավայրերի` մասնավորապես Ռումինիայի հայ գաղութի պատմության («Ռումինահայ քրոնիկոն», մաս 1-2, 1933-34թթ, «Նոթեր Արճեշ քաղաքեն», 1942թ., «Պոլիսը և իր դերը», հ. 1-5, հրտ. հ. 1-2, 1965-70թթ և այլն), հայ ժողովրդի պատմության` «Հայ մշակույթի պատմության ժամանակագրություն» (1935-41թթ), «Հայաստանը ըստ թուրք աշխարհագիրներու» (1965թ.), «Թանզիմաթ և հայերը» (1966թ.), «Հայերի ժամանակագրական պատմություն (հնագույն շրջանից մինչև 859)» (1942-43թթ), հայ հին և նոր գրականության` «Ռուբեն Զարդարյան» (1925թ)., «Երվանդ Օտյան» (1927թ.), «Մկրտիչ Պեշիկթաշլյան» (1930թ.), «Խրիմյան Հայրիկ» (1934թ.), «Ինչպես որ էին․ Դանիել Վարուժան» (1940թ.), «Կոմիտասին հետ» (1965-69թթ), «Միսաք Մեծարենց» (1968-69թթ), «Հովհաննես Թումանյան» (1969թ.) ուսումնասիրությամբ։ Մեծ դեր է կատարել հայ-ռումինական կապերի ամրապնդման գործում։ Իր հրատարակած «Անի» հանդեսում և տարեգրքերում պրոպագանդել է հայ մշակույթը, միաժամանակ ռումական գրականության ներկայացուցիչներին ներկայացրել այն։ Եղել է Ռումինիայի նշանավոր արևելագետներից։ Վ.Բնցյաուի հետ հիմնադրել է արևելագետների ընկերությունը (պատվավոր նախագահ` 1971թ-ից), ղեկավարել նրա հայագիտական բաժանմունքը, եղել ընկերության պարբերականի` «Ստուդիա էտ ակտա օրիենտալիա»-ի խմբագիրներից։ Նրա հայտնաբերած և հրատարակած հայկական և թուրքական աղբյուրները նոր լույս են սփռել Ռումինիայի պատմության վրա։ Ուշագրավ են նաև նրա «Ռումինական բառեր Տրանսիլվանիայի հայերի բարբառում» (1927թ.), «Ռումինիայի վերաբերյալ նոթեր հայ մի հեղինակի մոտ․ Հ.Ղուկաս Ինճիճյան» (1928թ.), «Քաղվածքներ Կամենիցի հայերի ժամանակագրությունից (1430-1611)» (մաս 1, 1936թ.) և այլ գործեր։ Եղել է ՀՄԸՄ-ի Ռումինիայի շրջանային վարչության նախագահը, «Կոմիտաս» երաժշտական միության, «Ռումինահայ կեդրոնական մատենադարան»-ի, «Հայ մշակույթի տան» և հայ մշակութային մի շարք ընկերակցությունների հիմնադիրներից։ 1965-71թթ ընթացքում 5 անգամ այցելել է Հայաստան։ Ստորագրել է Հ.Ճ.Սիրունի, Շրջիկ և այլն։ Մահացել է Բուխարեստում: