Ծնվել է 1956թ. նոյեմբերի 18-ին, Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում: 1984թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: 1991թ-ից եղել է «Հայաստան» թերթի մշակույթի բաժնի վարիչը, միաժամանակ` «Նոր Գլաձոր» և «Ձայն վիրահայոց» թերթերի գլխավոր խմբագիրը: 1988-94թթ բազմիցս եղել է մարտական թեժ կետերում, տասնյակ հոդվածներով և ռեպորտաժներով հանդես եկել մամուլում։ Նրա բանաստեղծական տեքստերով գրվել են նաև ռազմահայրենասիրական եպեր («Շարասյան քայլերգ», «Քայլերգ» և այլն)։ Հրատարակվել են նրա «Տառապանքի շղթա» (1992թ.), «Վրնջացող լռություն» (1995թ.), «Տասներկու արծվային թռիչք» (1998թ.), «Անձրևն ու աղջիկը» (2002թ.), «Փախուստ խնջճույքից» (2003թ.), «Ծանր փոշի» (2012թ.) գրքերը: «Տասներկու արծվային թռիչք»-ը նվիրված է Արցախյան ազատամարտին և 12 այն ազատամարտիկներին, ովքեր ապահովեցին Արծվաշենի 4500 ազգաբնակչության տարհանումը և զոհվեցին: Գիրքն արժանացել է ՀՀ ՊՆ և ՀՀ ժուռնալիստների միության հատուկ մրցանակին: 2007թ. հրատարակել է հայրենի գյուղի մասին պատմող «Գյուղը լեռան ծոցում» փաստագրական գիրքը: 2001թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: