Գյուլլու Հակոբ
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում: 1861-62 թթ, Նաում Էֆենդիի ղեկավարությամբ, ով Բալըքհանեում պաշտոնյա եղած ժամանակ հետևում էր հայերեն բեմականացումներին, Արևելյան թատրոնում առաջին անգամ բեմ է դուրս եկել: Թատերական փորձ ու գիտելիքներ ձեռք բերելուց հետո որոշ ժամանակ ղեկավարել է Իզմիրի երիտասարդ հայերի ստեղծած սիրողական խումբը: 1865թ. կազմակերպված Կ.Պոլսի «Ասիական ընկերության» հիմնադիրներից է եղել, ուր բեմադրել է նաև մի քանի պիես: Նրա անվան հետ է կապվում Վ.Շեքսպիրի «Մակբեթ» պիեսի ամբողջական բեմադրությունը, ուր հանդես է եկել Մակբեթի դերով: 1868թ. ստեղծել է մեծ թատերախումբ, տվել հայկական ու թուրքական ներկայացումներ, նպաստել է հայկական և թուրքական թատրոնների զարգացմանը: 1869թ. Գեդիկփաշա թատրոնում ստեղծել է Օսմանյան թատրոնը, որն էլ ապահովել է նրա հիմնական փառքը: 1870թ. մեծ վեզիր Ալի Փաշայի աջակցությամբ պալատից տաս տարով Կ.Պոլսում թուրքերեն ներկայացումներ տվող միակ թատրոնը լինելու արտոնություն է ստացել: 1882թ. Աբդուլ Համիդ Երկրորդի հրամանով ստացել է «Մըզքայի Հումայուն» (սուլթանական հարմոն): Այս ընթացքում իր ցանկությամբ որպես մուսուլման վերցրել է Գյուլլու Յակուբ Էֆենդի անունը: Խաղացած ներկայացումներից են` Է.Սյուի «Թափառական հրեա» (Ռոդեն), Պ.Դուրյանի «Արտաշես աշխարհակալ» (Արտաշես) և այլն: Կարևոր դեր է խաղացել թուրքական թատրոնի զարգացման գործում: Բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ` «Լեյլա և Մեջնուն» (1869թ.), «Բռնի ամուսնություն» (1869թ.), «Թոսուն աղա» (1870թ.), «Այար Համզա» (1871թ.), «Հայրենիք» (1873թ.), «Ժլատ Համիդը» (1873թ.), «Հայր Համիդը» (1874թ.), «Տնօրենի վիճակը» (1875թ.) և այլն: Ֆրանսերենից թարգմանել է պիեսներ, կատարել վեպերի բեմականացումներ, որոնք բեմադրվել են իր և այլ թատրոններում: 1888թ. հեղինակել է«Խռիվք հոգվույս» ժողովրդական ոճով գրված բանաստեղծությունների գիրքը: Մինչ կյանքի վերջը բնակվել է պալատում: Մահացել է Կոստանդնուպոլսում, թաղված է Բեշիքթաշի Յահյա Էֆենդի գերեզմանատանը: