Հակոբ Թարգման
Եղել է ունիթորական շարժման գործիչ, Քռնայի (Երնջակի գավառ) հայ-դոմինիկյան միաբանության անդամ: Հովհաննես Քռնեցու աջակցությամբ 1330-40-ական թվականներին բեղմնավոր գրական գործունեություն է ծավալել Քռնայի վանական դպրոցում, լատիներենից հայերեն է թարգմանել եվրոպացի մի շարք փիլիսոփաների և աստվածաբանների աշխատությունները (այդ թվում՝ Ժիլբեր Պոռետացուց, Ալբերտ Մեծից և Թովմա Աքվինացուց): Նրա օգնությամբ Քռնայի վանքում գրական աշխատանք են ծավալել եվրոպացիներ Բարդուղիմեոս Բոլոնիացին, Պետրոս Արագոնացին և Հովհան Անգլիացին, որոնց աշխատությունները թարգմանչի և այլոց թարգմանությունների շնորհիվ փրկվել են կորստից: Արդեն 14-րդ դարի կեսից նրա թարգմանությունները տարածվել են հայ կրթական կենտրոններում, օգտագործվել Տաթևի համալսարանում (փիլիսոփայություն դասավանդելու համար), նպաստել Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքների ձևավորմանը, ինչպես և նրանց՝ կաթոլիկական եկեղեցու գաղափարախոսության դեմ մղած պայքարի հաջողությանը: Նրա թարգմանչական գործունեությունը խորացրել է հայ-արևմտաեվրոպական գրական և գիտական կապերը, լայնացրել միջնադարի հայ ընթերցողների ծանոթությունը եվրոպական փիլիսոփայական մտքի հիմնական ուղղությունների հետ: Այդ թարգմանությունների բազմաթիվ գրչագրեր պահպանվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում և արտասահմանյան ձեռագրատներում: