Համբարձում Կելենյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի գավառի Փերչենճ գյուղում: Իր գրական ծածկանունը հորինել է՝ վերցնելով իր և հարազատ եղբայրների (Աստուր, Եղիա) անունների առաջին վանկերը։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի դպրոցում, ապա ուսանել Մեզիրե քաղաքի Կեդրոնական վարժարանում: 1911թ. ավարտել է վարժարանը և դասավանդել գյուղի դպրոցում։ Առաջին բանաստեղծությունները տպագրվել են «Փյունիկ» հանդեսում: Եղել է ՀՅԴ կուսակցության անդամ: 1913թ. տեղափոխվել է ԱՄՆ և սովորել Կոլումբիայի և Հարվարդի համալսարաններում: Երբեք չի մոռացել հայրենի գյուղի հիշատակները, որոնք հետագայում կենդանություն են ստացել նրա երկերում: Հայտնի են նրա «Գյուղը» (1924թ.) և «Անձրևը» (1929թ.) պատմվածքների ժողովածուները, որոնք վարպետորեն պատկերում են հայ գյուղը: 1950-60-ական թթ լույս են տեսել նրա «Սպիտակ ձիավորը» (հ.1-2, 1952թ.) վեպը, «Քաջ Նազար» խորագրով երգիծական ու հումորիկ կարճ պատմվածքները (1955թ.), «Աղոթարան» (1957թ.), «Այծետոմար և ուրիշ բանաստեղծություններ» (1960թ.), «Պատմվածքներ և հեքիաթներ» (1963թ.), «Առաջին սերը» (1966թ.) ժողովածուները: Ունեցել է հոռետեսական և միստիկ տրամադրություններ: Նրա ստեղծագործությունների հերոսը ազգային մեծ երազանքով ապրող հայ մարդն է, որի համար սուրբ են հողը, աշխատանքի ու արարման՝ պապերից ժառանգած օրենքները: Գրողը նախ և առաջ պատմում էր իր տեսածն ու ապրածը և ապրեցնում ընթերցողին իր հերոսներով, որոնք ազնիվ ու շիտակ, աշխատասեր ու բարի հայ մարդիկ են, բայց գտնվում են խավարի ու բռնակալության տակ: 1966թ. Նյու Յորքում իր ծննդյան տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ հանկարծամահ է եղել հենց ամբիոնի մոտ, թաղված է Բոստոնում: