Նոթաջի պապա Համբարձում
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է նոր հայկական ձայնագրության հիմնադիրը: Կրթությունն ստացել է ծննդավայրի Զենջիրլի խան թաղի հոգևոր դպրոցում, որտեղ աչքի է ընկել որպես լավ շարական երգող: Երաժշտական կրթությունն ստացել է հույն երաժշտագետ Ոնոփրիոս Թաթավլեցու մոտ` հմտանալով հունական երաժշտական խաղերի մեջ: Ապա աշակերտել է հայ երաժշտագետ Զեննե Պողոսին: Խորապես ուսումնասիրել է հայկական, հունական, թուրքական և արաբական երաժշտությունը, ծանոթացել եվրոպական երաժշտությանը: Տյուզյան ամիրաների նյութական օժանդակությամբ ձեռնարկել է հայկական նոտագրության ստեղծման, հետևելով եվրոպական ձայնագրության: 1813-15թթ ստեղծել է ձայնագրության իր սիստեմը, օգտագործելով հայկական խազերի անունները: Այդ ձայնանիշներով գրի է առել մի շարք շարականներ և երաժշտական տարբեր ստեղծագործություններ, հիմք դնելով հայկական նոր ձայնագրության, որը հետագայում շարունակեցին նրա աշակերտները` Հովհաննես Մյուհենտիսյանը և այլք: Նոր հայկական ձայնագրությունը փոխարինելով խազագրությանը` նոր նշանների օգնությամբ 19-րդ դարում ձայնագրվել են երեք մատյաններ` Շարակնոցը, Ժամագիրքը և Պատարագամատույցը: Նրա ստեղծած ձայնագրությունը օգտագործվել է ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական և մերձարևելյան երաժշտության մեջ: Ունեցել է նաև ինքնուրույն վոկալ ստեղծագործություններ, որոնցից են` «Ով ամենապայծառ», «Համեմատ քեզ ոչ գո նման», «Վեհ Հմայակ», «Գործք քաջության», «Զարթիր, զարթիր» և այլն, որոնցից միայն մեկն է հասել մեզ: Մահացել է Կոստանդնուպոլսում: