Ծնվել է 1947թ. փետրվարի 27-ին, ՀՀ Դիլիջան քաղաքում: 1953-61թթ սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 1961-66թթ՝ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1966-71թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Առաջին ուսուցիչները Դիլիջանում եղել են Մամիկոն Ղուլյանը և Հովհաննես Շարամբեյանը: Հետագայում, ուսումնառության շրջանում նրան դասավանդել են Գրիգոր Աղասյանը, Բաբկեն Քոլոզյանը, Անատոլի Պապյանը, Վռամշապուհ Շաքարյանը: 1971-72թթ եղել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալը: 1972-73թթ ծառայել է սովետական բանակում: 1975-87թթ աշխատել է Երևանի Ջաբարլու անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես գլխավոր նկարիչ և Հ.Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի նկարիչ: 1979թ. և 1989թ. Մոսկվայում անցել է որակավորման բարձրագույն դասընթացներ: 1981թ-ից Հայաստանի նկարիչների միության և գեղարվեստի ֆոնդի անդամ է, 2008թ-ից՝ նկարիչների միության նախագահության վարչության անդամ: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Ձևավորել է 40-ից ավել թատերական ներկայացումներ: 1987-96թթ եղել է Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչը, 1996-2000թթ՝ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը: Միաժամանակ դասախոսել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի բաժնում: 2000-02թթ եղել է ՀՀ մշակույթի նախարարության տարածքային քաղաքականության և ծրագրավորման վարչության պետը: Միաժամանակ դասախոսել է Երևանի «Ռոսլին» արվեստի ինստիտուտում: 2002-05թթ եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենը, 2005-08թթ՝ Երևանի «Ռոսլին» արվեստի ինստիտուտի ռեկտորը, 2008-09թթ՝ Երևանի Արաբկիր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդականը: 2011թ-ից դասավանդում է «Հայբուսակ» համալսարանում, 2012թ-ից՝ Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայում (2010թ-ից՝ դոցենտ):