Ծնվել է Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում: 1974թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը և անցել աշխատանքի «Հայշինճարտ» գիտահետազոտական ինստիտուտում՝ նախագծելով հասարակական, ուսումնական, բնակելի շենքեր: 1980թ-ից աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից «Հուշարձանների պահպանման և օգտագործման» գլխավոր վարչության Երևանի գիտառեստավրացիոն արվեստանոցում, 1986թ. նշանակվել է գլխավոր վարչության Աշտարակի գիտառեստավրացիոն արվեստանոցի պետ: 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել վերականգնման աշխատանքներին, մասնակցել Սպիտակ քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներին: 1998թ-ից դասավանդել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում: 1984թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ, 1998-99թթ՝ Երևանի գլխավոր ճարտարապետը: Կազմել է Պարույր Սևակ գյուղի (ՀՀ Արարատի մարզ) գլխավոր հատակագիծը (1980թ.), Նոր Սպիտակի գլխավոր հատակագիծն ու մանրամասն հատակագծման (1989թ.) նախագծերը: Նրա նախագծերով Երևանում իրականացվել են «Երևան» հյուրանոցի (1999-2000թթ), Արարատյան թեմի առաջնորդարանի (1980-81թթ), Շուշիում՝ «Խանի աղջկա պալատի» (2002թ.) վերակառուցումները, Ժնևում՝ «Ֆրանկ Մյուլլեր» կենտրոնի համալիրի գլխավոր հատակագիծն ու կառուցապատումը (2004թ.), կառուցվել Գառնիի ամրոցի (1982թ.), Գլաձորի համալսարանի (1984թ., ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1985թ.) թանգարանները, Աշտարակում՝ Սբ. Սարգիս եկեղեցին (1985թ.), երկրաշարժի զոհերի հուշարձանը Բելգրադում (1990թ.) և այլն: Ձևավորել է «Լայպցիգ-80» միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարը: Գլաձորի վերականգնման և թանգարանացման համար 1985թ. արժանացել է Հայաստանի կոմերիտմիության դափնեկրի կոչման, իսկ Սոֆիայում կայացած «Բիենալե 91»-ին արժանացել է արծաթե մեդալի: Մահացել է Երևանում: