Zark Foundation

Համլետ Կարճիկյան

Համլետ Կարճիկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

26 ապրիլ, 1936 - 15 փետրվար, 2022

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1975-77թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում: Աշխատել է «Հասկ» թերթում, «Լույս», «Սովետական գրող», «Նաիրի», «Հայաստան» հրատարակչություններում, ՀԳՄ-ում, ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության գրահրատարակչության և պոլիգրաֆիայի վարչությունում` վարելով պատասխանատու պաշտոններ: Եղել է Հայաստանի ժուռնալիստների, 1975թ-ից` գրողների միությունների անդամ: Նրա բանաստեղծությունները և թարգմանությունները պարբերաբար տպագրվել են մամուլում: Կազմել և հրատարակել է հայ և օտարազգի գրողների ստեղծագործություններ: Հրատարակվել են նրա «Գարնանամուտ» (1959թ.), «Սիրո ամառ» (1973թ.), «Ապրելու օր» (1976թ.), «Արևային սոնատ» (1980թ.), «Խարիսխ» (1983թ.), «Երկրային կանչ» (1987թ.), «Սիրտ-խարիսխ» (1987թ.), «Սիրտ-բանական» (1988թ.), «Կանգ առ մոլորակ» (1996թ.), «Սիրո բույրը... Հայաստանի» (2003թ.), «Երևանյան սոնատ» (2011թ.) և այլ գրքեր: Ռուսերենից թարգմանել է Պեյո Յավորովի «Ամպհովանու հետքերով» (մի մասը, 1992թ.), Դեսանկա Մաքսիմովիչի «Աշխարհը նույնն է ամենուր» 1998թ., Ջոկո Ստոյիչիչի «Աղբյուր անապատում» 1998թ., «Արարատի երկիր» (սերբական ժողովածու, մի մասը, 2003թ.), «Կոսովյան արև» (սերբական ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը, 2003թ.) երկերը: 1985թ. Էրեբունի-Երևան տոնակատարության առթիվ արժանացել է ՀԳՄ և Երևանի քաղխորհրդի սահմանած առաջին մրցանակին, 1987թ.` Հայպետկոմի «Աշխատանքի վետերան» մեդալի, 1989թ.` ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին, 2006թ.` ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2011թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ վարչապետի հուշամեդալի։ Մահացել է Երևանում: