Zark Foundation

Համլետ Հարությունյան

Համլետ Հարությունյան

Պատմաբան

25 սեպտեմբեր, 1948 - 5 հուլիս, 2020

Ծնվել է Հայաստանի Լճաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում)։ 1954-66թթ սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1973թ. ավարտել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1969-78թթ Սևանի շրջանի Գեղամավան և Լճաշեն գյուղերի միջնակարգ դպրոցներում աշխատել է որպես պատմության ուսուցիչ, ապա՝ ուսումնական մասի վարիչ։ 1978թ. որպես ավագ գիտաշխատող աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում։ 1978թ-ից աշխատանքի է անցել Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի հին դարերի պատմության բաժնում, իսկ 1979թ. տեղափոխվել ինստիտուտի նորագույն պատմության բաժին։ 1994թ-ից դասավանդել է Գավառի պետական համալսարանում, որտեղ 1997թ-ից եղել է պատմության ամբիոնի վարիչը: 2003-05թթ կատարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայաստանի Հանրապետության առաջին պատմության բաժնի վարիչի պարտականությունները, իսկ 2010թ-ից եղել է ինստիտուտի նորագույն պատմության բաժնի վարիչը։ Անդամակցել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Գավառի պետական համալսարանի գիտական խորհուրդներին, ՀՀ ԲՈՀ-ի «Հայոց պատմության» մասնագիտական խորհրդին։ 1982թ. պաշտպանել է «Հայկական ԽՍՀ բանվոր դասակարգը սոցիալիզմի ամրապնդման և զարգացման ժամանակաշրջանում. քանակը, կազմը, ստեղծագործական ակտիվությունը» խորագրով թեկնածուական ատենախոսություն, 1991թ.՝ դոկտորական ատենախոսություն՝ «Հայաստանի բանվոր դասակարգը 1940-1950-ական թվականներին» թեմայով (2005թ-ից՝ պրոֆեսոր)։ Ուսումնասիրություններ է հրատարակել հին և միջին դարերի, նոր և նորագույն ժամանակաշրջանների տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ։ Նրա գիտական վաստակը մեծապես դրսևորվել է Հայաստանի 20-րդ դարի պատմության ուսումնասիրության բնագավառում՝ ՀԽՍՀ բանվոր դասակարգ, ժողովրդագրական գործընթացներ, Արցախի հիմնախնդիր, Նոր Բայազետի գավառի պատմություն և այլն։ Հեղինակել է հինգ մենագրություն և տասնյակ հոդվածներ։ Աշխատությունները վերաբերում են Հայաստանի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և սոցիալ-դասակարգային հիմնահարցերին, նաև ՀՀ (1918-20թթ) պատմությանը։ Արցախի պատմությանն ու Արցախյան հարցին է վերաբերում նրա «Լեռնային Ղարաբաղը 1918-1921 թվականներին» (1996թ.) մենագրությունը, ուր լուսաբանված է այդ ժամանակահատվածում Արցախում հայկական իշխանության մարմինների ձևավորումը, երկրամասի հայության համագումարները, թուրք և ադրբեջանցի նվաճողների դեմ համառ պայքարը, Անտանտի տերությունների ու Խորհրդային Ռուսաստանի քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու գործընթացը։ Ուսումնասիրել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի ամբողջական պատմությունը։ Հրատարակվել են հեղինակի «Նոր Բայազետի գավառը 1828-1913 թվականներին» (2008թ.) և «Նոր Բայազետի գավառը 1914-1920 թվականներին» (2012թ.) հիմնարար մենագրությունները, որտեղ աղբյուրագիտական հարուստ նյութի օգտագործմամբ ներկայացված է գավառի պատմությունը՝ սկսած Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրությանը միանալուց մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության կործանումը։ Անդրադարձել է գավառի վարչատարածքային փոփոխություններին, բնակչության տեղաշարժերին, ազգային և դավանական կազմին, սոցիալ-տնտեսական վիճակին, կրթամշակութային և հոգևոր կյանքին, Հայոց ցեղասպանությունից (1915թ.) մազապուրծ արևմտահայ փախստականների ու որբերի՝ գավառում տեղավորման, նրանց խնամքի կազմակերպման աշխատանքներին։ Մահացել է Երևանում: