Zark Foundation

Համլետ Ղուշչյան

Համլետ Ղուշչյան

Հաղորդավար, լրագրող

Ծվել է 1953թ. մարտի 20-ին, ՀՀ Կապան քաղաքում: 1970թ. ավարտել է Երևվանի թիվ 137 միջնակարգ դպրոցը: 1966-70թթ հանդես է եկել ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում: 1969թ. դարձել ԽՍՀՄ պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր: 1971-73թթ ծառայել է խորհրդային բանակում: 1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1974-99թթ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում: 1974-82թթ եղել է սպորտային մեկնաբան, 1983-86թթ` սպորտային հաղորդումների բաժնի վարիչը, 1987-93թթ` սպորտային հաղորդումների գլխավոր խմբագիրը, 1994-96թթ` Մոսկվայի թղթակցական կետի ղեկավար և հատուկ թղթակիցը Ռուսաստանի Դաշնությունում, 1996-98թթ` ԱՄՆ-ի թղթակցական կենտրոնի ղեկավար և հատուկ թղթակիցը ԱՄՆ-ում, 1999-2001թթ` «Արմենիա» հեռուստաընկերության փոխտնօրենը, 2000-13թթ` Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ռեկտորը: 2013թ-ից եղել է Մոսկվայի «ARM-TV» հեռուստաընկերության գլխավոր տնօրենը: 40 տարիների ընթացքում միայն հեռուստատեսությունում պատրաստել և եթեր է հեռարձակել բազմաթիվ ու ամենատարբեր բնույթի հաղորդումներ, ռեպորտաժներ, հարցազրույցներ, հատուկ թողարկումներ, հեղինակային ծրագրեր: Ակտիվորեն մասնակցել է «Արմենիա», «Երևան», Հայկական Երկրորդ, «ARM-TV» հեռուստաընկերությունների ստեղծման և կազմավորման աշխատանքներին: Որպես սպորտային մեկնաբան լուսաբանել է վեց հարյուրից ավելի միջազգային խոշոր մրցաշարեր (աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ առաջնություններ), օլիմպիական խաղեր (Մոսկվա-80, Ատլանտա-86), 1990թ. Սիեթլի «Բարի կամքի» խաղերը: Հեղինակային հաղորդումներից են` «Սպորտ գումարած արվեստ», «Մարզասրահ», «Համաշխարհային սպորտի աստղերը», «Հայկական սպորտի երախտավորները», «Բարի երեկո Երևան», «Օրը», «Բաց եթեր», «Հին հեռուստացույց», «Ռետրո», «Վերադարձ», «Լինել, թե չլինել»: Մի քանի հարյուրից ավելի նյութեր և ռեպորտաժներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, ուր 1976-87թթ ամեն շաբաթ երեք անգամ վարել է «Մարզական լուրերի» իր հեղինակային ծրագիրը: Մեծ թվով նյութեր է գրել նաև թերթերի ու ամսագրերի համար: 2012-13թթ խմբագրել է Մոսկվայում լույս տեսած ռուսալեզու «Դե Ֆակտո» ամսագիրը: Եղել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային մրցանակաբաշխությունների, կինո-հեռուստափառատոների ժուրիի անդամ: 1978թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության, 1980թ-ից ԽՍՀՄ սպորտային լրագրողների ֆեդերացիայի, 1981թ-ից Սպորտային լրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ է: Արժանացել է մի շարք պատվոգրերի, մրցանակների ու կոչումների: 2005թ. արժանացել է Երևանի Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի, 2010թ.` Մոսկվայի «Օստանկինո» հեռուստատեսության և ռադիոհաղորդակցության ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի, 2012թ.` ՀՀ Կրթության միջազգային ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի, 2013թ.` Կանադայի Կրթության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի և Ռուսաստանի Եվրասիական հեռուստաակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի կոչումներին: