Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի Մաշտակ գյուղում։ Ապրել ու դաստիարակվել է մանկատներում։ 1923-25թթ որպես գործավար աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում։ 1925թ. եղել է Երևանի Երիտասարդական ակումբի վարիչը և ԼԿԵՄ Երևանի կոմիտեի ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալը, 1927-29թթ` Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) և Էջմիածնի լուսավորության աշխատողների արհմիության գավառային կոմիտեի պատասխանատու քարտուղարը, իսկ 1929-31թթ` ՀԼԿԵՄ Կենտկոմի ագիտացիայի և տեսական ուսուցման բաժնի վարիչի տեղակալը։ 1931թ. տեղափոխվել է Բաքու և սովորել տեղի գիտահետազոտական ինստիտուտ-ասպիրանտուրայում։ 1933-34թթ աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում` որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ, խմբագիր (1941թ-ից)։ 1944-48թթ եղել է Ադրբեջանի լուսավորության մինիստրի տեղակալը, Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի մամուլի սեկտորի աշխատակից։ 1948-54թթ նորից աշխատել է որպես Բաքվի «Կոմունիստ» թերթի խմբագիր։ 1945թ. ավարտել է Ադրբեջանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1948թ. Երևանում «Սովետահայ գրականության զարգացումը Ադրբեջանում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1954-68թթ աշխատել է Ադրբեջանի ռադիոկոմիտեում` որպես հայկական հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր։ Միաժամանակ 1964-67թթ եղել է Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահը։ 1968թ-ից աշխատել է Հայաստանի Կենտկոմի պատմության ինստիտուտ-ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում` որպես ավագ գիտաշխատող։ Եղել է ԽՍՀՄ 3-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1941թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Բաքվում: