Հմայակ Գրիգորյան
Ծնվել է ՀՀ Լոր գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): 1927թ. տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն: 1937թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը, 1939թ.՝ Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1937-38թթ աշխատել է Սիսիանի շրջանային թերթում, 1938-41թթ՝ «Խորհրդային գրող» (Բաքու) ամսագրում, 1945-51թթ՝ «Կոմունիստ» (հայերեն) թերթում, 1951-54թթ՝ «Ավանգարդ» (Երևան) թերթում, 1954-65թթ՝ «Ոզնի» հանդեսում։ 1941-45թթ մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1965-67թթ եղել է «Գրական թերթի» խմբագիրը։ Գրողի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թթ, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։ «Որոտանի եզերքին» (1946թ.) ժողովածուն, որը հեղինակի առաջին գիրքն էր, դրսևորեց նրա թեմատիկ ու բանաստեղծական-դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ, երևան բերեց գեղարվեստական մի շարք հատկանիշներ՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերների գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947թ.),«Սլացքի մեջ» (1950թ.), «Ծիածանը տափաստանում» (1953թ.), «Բարձունքի վրա» (1955թ.), «Նաիրյան դալար բարդի» (1958թ.), «Հայաստանը երգերի մեջ» (1962թ.) ժողովածուներն ընդլայնեցին հեղինակի պոեզիայի թեմատիկ ընդգրկումները։ «Մայրամուտից առաջ» (1964թ.), «Քարափների երգը» (1968թ.), «Տարիներս» (1970թ.) ժողովածուները նոր սկիզբ են նրա ստեղծագործության մեջ. նրա քնարերգությունը հարստանում է թարմ արտահայտչաձևերով, բանաստեղծության ավանդական կառույցները նորոգվում են պատկերային նոր մտածողությամբ, ամրանում է բանաստեղծի կապն իր հոգևոր արմատների հետ։ Այդ գրքերում գրողը հանդես է եկել նաև որպես գեղագետ-փիլիսոփա: «Սեզամ, բացվիր» (1972թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1975թ.), «Իրիկնահաց» (1977թ.), «Ժայռից մասուր է կաթում» (1979թ.), «Կանաչ, կարմիր աշուն» (1980թ.), «Տոհմի կանչը» (1981թ.), «Դաղձի ծաղիկ» (1986թ.), «Ինձ բացակա չդնեք» (1998թ., հետմահու) ժողովածուներով բերել է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը՝ բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ։ Նրա ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն։ Իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը՝ հասել է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Առանձնահատուկ ներշնչանքով է խոսացել Հայաստան աշխարհի, նրա անցյալի ու ներկայի, պատմության ու գալիքի մասին՝ «Աշխարհում ամենից առաջ», «Փշատենի», «Մի բուռ ես», «Անունդ տալիս», «Ախր ես ինչպե՛ս...», «Գարունդ հայերեն է գալիս», «Հայաստան ասելիս» և այլ երկերում: Սիրային բանաստեղծություններից են` «Կանչ», «Առաջին սեր», «Երկրորդ հարկի պատշգամբը», «Հրաշք լիներ», «Ես չգիտեի, թե ինչ է սերը», «Չես ասի ոչ մի բառով», «Քո խոնարհ ջրկիրն եմ եղել», «Չհիշեի քեզ», «Կգամ», «Դու իմ կյանքն էիր» և այլն: Վերջին շրջանի գործերից են` «Խիղճդ մեռնի, աշխարհ, մուխդ մարի», «Թող աշխարհը ցավ չունենար», «Որ չքնի հանկարծ», «Հոգնել եմ արդեն», «Տարիներս» և այլ բանաստեղծությունները, «Հայրենի գյուղ», «Վերադարձ» պոեմները: Գրել է նաև հայրեններ: Թարգմանել է Ա.Պուշկինի, Ս.Եսենինի, Գ.Լորկայի, Ա.Տարկովսկու և այլ բանաստեղծների ստեղծագործություններից։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2 և «Պատվո նշան» շքանշաններով։ Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Երևանում Սահյանի անունով կոչվել է փողոց, դպրոց, գործում է «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնը, որը սահմանել է Սահյանի անվան հուշամեդալ: 2014թ.՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի Լոր գյուղում բացվել է գրողի տուն-թանգարանը։