Հիմնվել է 1925թ. մարտի 20-ին, Երևանում: Սկզբում հանդես է եկել որպես Երևանի կոնսերվատորիայի նվագախումբ: Հիմնադիրն է եղել Երևանի կոնսերվատորիայի տնօրեն Արշակ Ադամյանը՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Նվագախումբը հիմք է հանդիսացել Հայաստանում գործող բոլոր սիմֆոնիկ կոլեկտիվների համար: Մշտական հյուրախաղերի շնորհիվ նվագախումբը դարձել է հայ երաժշտության դեսպանը միջազգային ասպարեզում: Տարբեր տարիների նվագախումբը գլխավորել են Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեքյանը, Գևորգ Բուդաղյանը, Կոնստանդին Սարաջյանը, Միքայել Մալունցյանը, Օհան Դուրյանը, Միքայել Տերյանը, Մարտին Ներսիսյանը, Ռուբեն Վարդանյանը, Արամ Քաթանյանը, Դավիթ Խանջյանը, Վալերի Գերգիևը, Վահագն Պապյանը, Միքայել Ավետիսյանը և Լորիս Ճգնավորյանը: 2000թ. հոկտեմբերից նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: ՀԱՖՆ-ի գործունեության հիմնական հանդիսավայրն է Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահը: Նվագախմբի հետ ելույթ են ունեցել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Դավիդ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Էմիլ Գիլելսը, Ռենատո Բրուզոնը, Սթիվեն Իսերլիսը, Միշա Մայսկին, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Նատալյա Գուտմանը, Ջուզեպե Ջակոմինին, Իզաբել Ֆաուստը, Ջուլյա Ֆիշերը, Պինխաս Ցուկերմանը, Գիդոն Կրեմերը, Յուրի Բաշմետը, Պլաչիդո Դոմինգոն և այլ հրավիրյալ արտիստներ, ինչպես և հայ առաջատար մենակատարներ և երիտասարդ խոստումնալից երաժիշտներ: Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը, Վալերի Գերգիևը և այլ մեծանուն դիրիժորներ: Վ.Գերգիևը հինգ տարի եղել է նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Նվագախմբի հետ սերտորեն համագործակցել են Գիա Կանչելին, Սոֆյա Գուբայդուլինան, Ռոդիոն Շչեդրինը և այլ հայտնի կոմպոզիտորներ: Հեղինակային համերգներով հանդես են եկել Արամ Խաչատրյանը, Դմիտրի Կաբալևսկին, Քշիշտոֆ Պենդերեցկին և այլ կոմպոզիտորներ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ և միջազգային հայտնի մենակատարների հետ համատեղ լավագույնս ներկայացնում է Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի և շատ այլ անվանի հայ կոմպոզիտորների երաժշտությունը: Նաև հայ երաժշտարվեստի յուրահատուկ դեսպանն է աշխարհում և մշտապես հյուրախաղերով հանդես է գալիս արտերկրում: Նվագախմբի հետ ելույթ են ունենում հայ անվանի մենակատարներ Սերգեյ Բաբայանը, Նարեկ Հախնազարյանը, Սերգեյ Խաչատրյանը, Իզաբել Բայրաքդարյանը, Քիմ Քաշքաշյանը և այլք: 1989թ-ից ակտիվորեն շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Իրանում, Կիպրոսում, Թուրքիայում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում: Տեղի են ունեցել հյուրախաղեր Ճապոնիայում (2008թ., 15 համերգ), Գերմանիայում և Սլովակիայում (2010թ.), 2014թ. և 2015թ. Իտալիայում, Գերմանիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում և սկանդինավյան երկրներում: 2016թ. նվագախումբը համերգ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում «Սպիտակ գիշերների աստղեր» հայտնի փառատոնի շրջանակում: 2017թ. հյուրախաղերով մեկնել է Իսպանիա և Գերմանիա: 2018թ. մեծ հաջողությամբ հանդես է եկել Բեռլինի հեղինակավոր «Konzerthaus» համերգասրահում: 2019-20թթ կայացել է ՀԱՖՆ-ի հյուրախաղերը Չինաստանում՝ ընդգրկելով 10 համերգ 9 քաղաքներում: 90-ամյակի առթիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով: 2007թ-ից իրականացնում է Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը, որին մասնակցում են և վարպետության դասեր անցկացնում համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ: ՀԱՖՆ-ը թողարկել է ավելի քան 40 ձայնասկավառակ, որոնց թվում են «Հայկական ռապսոդիա»-ն (2011թ.) և Մոցարտի Դաշնամուրի կոնցերտները՝ KV238 և 415, «Ֆիգարոյի ամուսնությունը» և «Դոն Ժուան» օպերաների նախերգանքները (2014թ.): Ձայնասկավառակներն արժանացել են միջազգային քննադատների բարձր գնահատանքին: 2017թ. ԱՄՆ-ում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, հատուկ հրատարակությամբ թողարկվել է «Մոցարտ-Կոմիտաս-Խաչատրյան» ձայնասկավառակը 10.000 օրինակով: Նոր ձայնասկավառակը ներառում է Չայկովսկու թիվ 6 և Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիաները, որոնք ձայնագրվել են DakApp-ի (Իսպանիա) կողմից: 2021թ-ից, Բեթհովեն-250 նախագծի շրջանակներում նվագախումբը իրականացնում է կոմպոզիտորի ինը սիմֆոնիաների աուդիո և վիդեո ձայնագրություններ 4K որակով, որն աննախադեպ է, քանի որ երբևէ չի ձայնագրվել նրա բոլոր՝ ինը սիմֆոնիաները նախկին ԽՍՀՄ երկրների, ինչպես նաև Ճապոնիայի, Կորեայի, Չինաստանի և Ավստրալիայի նվագախմբերի կողմից: