Ստեղծվել է ԽՍՀՄ գրողների միության կազմակերպման հետ, որի անբաժանելի մասն է եղել մինչև Խորհրդային Միության փլուզումը։ Մինչ 1934թ. օգոստոսի 4-ը հայ գրողները մտնում էին գրական զանազան միավորումների մեջ։ 1921թ. դեկտեմբերի 15-ին հիմնվել է Խորհրդային Հայաստանի գրական առաջին միավորումը՝ Հայ գեղարվեստական գրականության աշխատավորների միությունը։ Միությունն ուներ իր կարճ անվանումը՝ Հայ գրողների միություն։ Միության մեջ մտնում էին Ցոլակ Խանզադյանը, Պողոս Մակինցյանը, Հարություն Սուրխաթյանը, Տիգրան Հախումյանը և ուրիշներ։ Միության նպատակն էր «նպաստել հայ ինքնուրույն և թարգմանական գրականության զարգացմանը»։ Գրական այս առաջին միավորումը գոյությունը պահպանեց մինչև 1922թ. դեկտեմբերի 25-ը։ Խորհրդային ժամանակաշրջանի գրական երկրորդ միավորումը Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիան է, որ հիմնադրվել է 1922թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում։ Միավորման կազմակերպիչներն ու ղեկավարներն էին Ազատ Վշտունին, Գ.Պարիսը, Ե.Դանչոն, Վահրամ Ալազանը, Գուրգեն Վանանդեցին։ Հետագայում ասոցացիայի մեջ մտան Նաիրի Զարյանը, Գևորգ Աբովը, Նորայր Դաբաղյանը, Հայկ Գյուլիքեվխյանը։ 1922-23թթ ասոցացիայի նախագահն էր Ազատ Վշտունին։ 1923թ. վերջին նախագահ է ընտրվել Վահրամ Ալազանը։ 1922-23թթ ասոցացիայի պաշտոնական օրգանն էր «Մուրճ» ամսագիրը, խմբագիրը՝ Ազատ Վշտունին։ 1925թ. տեղի է ունեցել Հայաստանի պրոլետարական գրողների 1-ին համագումարը։ Ասոցացիան բաժանմունքներ ուներ Լենինականում (այժմ՝ Գյումրի), Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր), Էջմիածնում և Ալավերդիում։ Ըստ կանոնադրության ասոցացիայի անդամ կարող էին լինել հիմնականում բանվորական միջավայրից դուրս եկած գրողներ։ Այստեղ մուտք չունեին իրենց գրական գործունեությունը հեղափոխությունից առաջ սկսած գրողներ Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Ակսել Բակունցը, Վահան Թոթովենցը, Միքայել Մանվելյանը։ Ասոցացիայի անդամ չէր նաև Եղիշե Չարենցը։ Գրական այս միավորումը մեծ նշանակություն էր տալիս գեղարվեստական երկի բովանդակությանը և անտեսում գրական վարպետությունը։ 1925թ. Եղիշե Չարենցի նախաձեռնությամբ Երևանում ստեղծվել է «Նոյեմբեր» գրական միությունը, որից հետո սկսվել է անզիջում պայքար Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիայի և «Նոյեմբեր» միության միջև։ 1926թ. դեկտեմբերին Անդրերկրկոմի միջամտությամբ գրական այս երկու միավորումները մեկտեղվեցին՝ կազմելով Հայաստանի պրոլետարական գրողների միությունը։ Մինչ այդ, 1925թ. ապրիլին Գուրգեն Մահարու նախաձեռնությամբ հիմնվել էր Լենինականի բանվորագյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը, որի մեջ մտան Մկրտիչ Արմենը, Սողոմոն Տարոնցին, Գեղամ Սարյանը, Սարմենը։ Պատվավոր նախագահն էր Եղիշե Չարենցը։ Գրական այս միավորման հաջորդ օրը՝ ապրիլի 26-ին Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիան հանդես եկավ հայտարարությամբ, որով «Հոկտեմբեր» միությունը ասոցացիայի բաղկացուցիչ մաս չէր համարում։ «Հոկտեմբեր» միությանը չհաջողվեց դառնալ համահայաստանյան գրական միավորում և դադարեց գործելուց նույն թվականի սեպտեմբերին։ Նրա անդամներն ընդգրկվեցին Եղիշե Չարենցի հիմնադրած «Նոյեմբեր» միության մեջ։ 1926թ. սեպտեմբերին Երևանում հիմնադրվեց գրական մի նոր միավորում՝ Հայ գրողների ընկերությունը։ Այս միավորման մեջ մտնում էին այսպես կոչված աջ ուղեկիցները՝ Ա.Աթանասյանը (Սալման), Ս.Կանայանը, Է.Տեր-Գրիգորյանը և այլք, որոնք դավանում էին «արվեստը քաղաքականությունից դուրս է» սկզբունքը։ Սա ռուսական գրական հոսանքներց մեկի՝ Սմենավեխականության հայկական տարատեսակն էր։ Այդ պատճառով գրական այս միավորման անդամները դուրս մնացին 1929թ. կազմակերպված Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայից։ 1927-29թթ Երևանում գործել է Հայ աշխատավորական գրողների միությունը, որի նախագահն էր Դերենիկ Դեմիրճյանը, տեղակալը՝ Ստեփան Զորյանը։ 1929թ. ապրիլին Հայ աշխատավորական գրողների միությունը միավորվեց Հայաստանի պրոլետարական գրողների միության հետ, և ստեղծվեց Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիան, որն իր գոյությունը պահպանեց մինչև 1931թ. հուլիսը։ 1930-ական թվականներ ՀԿԿ Կենտկոմի 1932թ. մայիսի 9-ի որոշմամբ լուծարքի ենթարկվեց Հայաստանի պրոլետարական գրողների միությունը և ստեղծվեց հանձնաժողով Հայաստանի խորհրդային գրողների միություն կազմակերպելու համար։ 1933թ. մարտի 14-ին Հայաստանի խորհրդային գրողների միության նախագահության կազմում ընտրվեցին Եղիա Չուբարը (նախագահ), Նաիրի Զարյանը (պատասխանատու քարտուղար), Շիրվանզադեն, Եղիշե Չարենցը, Դերենիկ Դեմիրճյանը, Ակսել Բակունցը, Ազատ Վշտունին, Վահրամ Ալազանը, Նորայր Դաբաղյանը և այլք։ Հիմնադիր համագումարում վարչության նախագահ է ընտրվել Դրաստամատ Սիմոնյանը։ Հայ գրողների պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԽՍՀՄ գրողների միության առաջին հիմնադիր համագումարին։ 1939թ. սեպտեմբերին Հայաստանում նշվել է «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակը, այդ կապակցությամբ Երևանում տեղի է ունեցել ԽՍՀՄ գրողների միության վարչության պլենում։ 1941թ. մայիսի 10-20-ը Մոսկվայում կայացել է հայ գրականության տասնօրյակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 50-ից ավելի հայ գրողներ։ ՀԳՄ 2-րդ համագումարը տեղի է ունեցել 1946թ. սեպտեմբերին, վարչության նախագահ է ընտրվել Ավետիք Իսահակյանը, ով ղեկավարել է միությունը մինչև 1957թ.։ 1959-75թթ միության նախագահն է եղել Էդուարդ Թոփչյանը, 1975-88թթ՝ Վարդգես Պետրոսյանը, 1988-90թթ՝ Հրաչյա Հովհաննիսյանը: Հայ գրողները ակտիվորեն մասնակցել են Հայաստանի ազգային պետականության վերականգնմանը, Արցախի ազատագրությանը։ Մի շարք գրողներ մարտնչել են տարբեր ռազմաճակատներում, Գանձասարի մարտերում զոհվել է Սամվել Շահմուրադյանը, Վազգեն Սարգսյանը դարձել է ՀՀ պաշտպանության նախարար, ապա և Հայաստանի Հանրապետության վարչապետ։ ՀԳՄ 10-րդ (1990-91թթ) երկու փուլով կայացած համագումարում միության նախագահ է ընտրվել Վահագն Դավթյանը, իսկ 11-րդ արտահերթ (1994թ.) համագումարը միության նախագահ է ընտրել Ռազմիկ Դավոյանին, 12-րդ արտահերթ (1996թ.) համագումարը՝ Հրանտ Մաթևոսյանին։ 2001-13թթ միությունը ղեկավարել է Լևոն Անանյանը։ 2013թ-ից միությունը ղեկավարում է Էդվարդ Միլիտոնյանը։ Միության նախաձեռնությամբ հրավիրվել են գրողների համահայկական վեց համաժողովներ: Վերականգնվել են երիտասարդ գրողների ամենամյա համաժողովները (2003թ-ից), մանկական գրքի շաբաթները (2002թ-ից) և Թարգմանչաց տոները (2001թ-ից)։ 2002թ. հիմնադրվել է ՀԳՄ հրատարակչությունը, սկսել է հրատարակվել երիտասարդ գրողների «Մուտք» (2003-07թթ) մատենաշարը։ Գրական գործող պարբերականների շարքում («Գրական թերթ», «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիա» (2012թ-ից վերանվանվել է «Լիտերա»), «Նոր-Դար») ավելացել են «Արտասահմանյան գրականություն», «Գրականագիտական հանդես» (2004թ., ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ), «Գրական մունետիկ» հանդեսները, «Սատիրիկոն» երգիծաթերթը (հետագայում դարձել է երիտասարդական թերթ՝ «Գրեթերթ»), «Ցոլքեր» (2005թ.) մանկապատանեկան և «Լուսապսակ» (մինչև 2009թ.) մանկական հրատարակությունները։ Ստեղծվել է «Ցոլքեր» պատանեկան-երիտասարդական գրական ստուդիան (2002թ.)։