Zark Foundation

Հայաստանի կամերային երգչախումբ

Հայաստանի կամերային երգչախումբ

Երգչախումբ

Ստեղծվել է 2000թ. հոկտեմբերի 13-ին, Երևանում՝ «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ: Գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը: 2001թ. երգչախումբը 3 անգամ համերգներով հանդես է եկել Լոնդոնում: 2006թ. համերգներով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ դահլիճ»-ում և Եկատերինյան պալատում` որով եզրափակվել է Ռուսաստանում Հայաստանի մշակութային տարին: 2007թ. երգչախումբը բացառիկ համերգով հանդես է եկել Ստրասբուրգի Եվրախորհրդի համերգային դահլիճում: Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Լոնդոնում, Փարիզում, Ժնևում, Թբիլիսիում, Գորիում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Ֆրանկֆուրտում, Ստրասբուրգում, Բերգամոյում, Տորոնտոյում, Օտտավայում, Նիագարայում, Դրեզդենում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Բերկլիում (համաշխարհային համբավ ունեցող «Քալ փերֆորմանս» համերգային կազմակերպության հրավերով): 2009թ. Կոմիտասի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ երգչախումբը մեծ հաջողությամբ հանդես է եկել համերգ-դասախոսություններով Ֆրանսիայում և Շվեյցարիայում: 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում համերգներ է ունեցել Շվեյցարիայում (Բերնի կենտրոնական տաճար, Ցյուրիխ), Լիբանանում, Արգենտինայում, Հունաստանում (Աթենք, Սալոնիկ): Ելույթներ է ունեցել այնպիսի հեղինակավոր դահլիճներում ինչպիսիք են՝ Սեն-Լուի տաճար, Սալ Գավո (Փարիզ), Սպիտակ դահլիճում, Սմոլնի տաճարում, Գլազունովի դահլիճում (Սանկտ Պետերբուրգ), Եվրախորհրդի դահլիճում «Salle Schwietzer at the Palais de la Musique et des Congres of Strasbourg» (Ստրասբուրգ), Դոնիցետտիի օպերային թատրոնում (Բերգամո), «Ֆրաուկիրխե տաճար» (Դրեզդեն), Կոլոն օպերային թատրոնում (Բուենոս Այրես), «Մեգարոն» համերգասարահում (Աթենք): 2021թ. աշխարահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի հրավերով երգչախումբը մասնակցել է Ռավենայի փառատոնին: Երգչախմբի մեծագույն ձեռքբերումներից կարելի է համարել համաշխարհային ճանաչում ունեցող ECM Records-ի թողարկած Եղիշե Չարենցի 10 բանաստեղծությունների հիման վրա գրված Տիգրան Մանսուրյանի «ARS POETICA» երգչախմբային կոնցերտի ձայներիզը, որը 2006թ. Համաշխարհային երաժշտական գեղխորհրդի կողմից ստացել 5 աստղ, որի ամբողջական ինֆորմացիան զետեղված է անգլիական «THE GRAMOPHONE» երաժշտական պատվավոր կատալոգի էջերում: Այդ կապակցությամբ իբրև պատվավոր հյուր հրավիրվել է Իտալիայի Բերգամո քաղաքում կայացած ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին: Երգչախմբի բազմաժանր երգացանկում ընդգրկված են համաշխարհային կոմպոզիտորների խմբերգային և վոկալ-սիմֆոնիկ բազում ստեղծագործություններ, վաղ միջնադարից մինչև այսօր, այդ թվում կատարվել են բազմաթիվ հայաստանյան պրեմիերաներ: Երգչախմբի կարևոր առաքելությունը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների քարոզչությունն է: Փայլուն կատարել է Կոմիտասի, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հանդես է եկել համաշխարհային պրեմիերաներով` կատարելով Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Երվանդ Երկանյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երևանում հաճախակի տեղիունեցող համերգների հետ մեկտեղ իրագործել է բարեգործական ծրագրեր` բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներով հանդես գալով ուսումնական հաստատություններում և Հայաստանի մարզերում` երգչախմբային արվեստը ներկայացնելով Հայաստանի լայն հանրությանը: