Ստեղծվել է 1932թ. նոյեմբերի 10-ին, Երևանում, հիմնադիր նախագահ՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Սարգսյանի կողմից, ով ղեկավարել է միությունը մինչ 1937թ.: 1939-45թթ և 1967-68թթ միության նախագահն է եղել Մհեր Աբեղյանը, 1945-51թթ՝ Մարտիրոս Սարյանը, 1951-59թթ և 1968-69թթ՝ Գաբրիել Գյուրջյանը, 1959-67թթ՝ Ռուբեն Պարսամյանը, 1969-82թթ՝ Սուրեն Սաֆարյանը, 1982-87թթ՝ Սարգիս Մուրադյանը, 1987-93թթ՝ Արա Շիրազը, 1994-98թթ՝ Պողոս Հայթայանը, 1998-2018թթ՝ Կարեն Աղամյանը: Միության հիմնախնդիրներն են՝ աջակցել նկարիչներին, քանդակագործներին, արվեստաբաններին, նպաստել միության անդամների վարպետության բարձրացմանը, նրանց միջազգային կապերի ընդլայնմանը, մասսայականացնել նրանց ստեղծագործությունները, կազմակերպել ցուցահանդեսներ, հնարավորինս աջակցել նրանց գործունեությանը և այլն: Միությունը կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, հանրապետական ու միջազգային փառատոներ, հրատարակում նկարիչներին նվիրված կատալոգներ: Միությունում կազմակերպվում և անցկացվում են արվեստի դասախոսություններ, հանդիպումներ մշակույթի և արվեստի անվանի գործիչների հետ, ֆորումներ, արվեստի փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ: 2018թ-ից միության 19-րդ համագումարի ընտրությունների արդյունքով նախագահի պաշտոնը ստանձնել է գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանը: