Zark Foundation

Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Նվագախումբ

Հիմնվել է 1962թ., Երևանում՝ ջութակահար Զարեհ Սահակյանցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ: Շնորհիվ իր վառ անհատականության և հեղինակության` Զարեհ Սահակյանցը կարողացել է իր շուրջ համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների և կարճ ժամանակում նվագախումբը ձեռք է բերել մեծ համբավ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Սահակյանցը թողել է կատարողական, ստեղծագործական հարուստ ավանդույթներ, որոնք ժառանգել և շենացրել են նվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝ Կոստանդին Բաղդասարյանը (1975թ-ից), Ռուբեն Ահարոնյանը (1982թ-ից): 1997թ. նվագախումբը միավորվել է Զավեն Վարդանյանի ղեկավարած Երևանի կամերային նվագախմբի հետ: Արդյունքում կազմավորվել է ներկայիս նվագախումբը, որի ղեկավարությունը ստանձնել է դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Ի նպաստ ժամանակակից երաժշտության զարգացմանն ու խթանմանը՝ Արամ Ղարաբեկյանը և ՀՊԿՆ-ն պատվիրել ու իրենց համերգներում ներկայացրել են ավելի քան 40 նոր ստեղծագործություն, ինչպես նաև ձայնագրել ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից բաղկացած ձայնասկավառակներ: Նվագախումբը հաջողությամբ ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում (Քարնեգի Հոլ, Նյու Յորք, Ալեքս Թատրոն, Լոս Անջելես), Միացյալ Թագավորությունում (Քենթերբերիի տաճար Քենթերբերիի փառատոն), Գերմանիայում (Հալլե փառատոն), Շվեյցարիայում (Վիկտորիա Հոլ, Ժնև), Հունաստանում (Դեմիտրիայի փառատոն, Սալոնիկի համերգասրահ), Ռուսաստանում (Եկատերինայի պալատ, Գլազունովի դահլիճ, Սանկտ Պետերբուրգ), Կիպրոսում (Նախագահական պալատ, Նիկոսիա), Լիբանանում (Բեյրութի ամերիկյան համալսարան), Արաբական Միացյալ Էմիրություններում (Մշակութային հիմնադրամի թատրոն, Աբու Դաբի) և այլուր: 2011թ-ից նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը, ում տարատեսակ ներդրումներից առանձնանում է «Ճանապարհ տաղանդներին» նախագծի նախաձեռնումը, ինչի շնորհիվ բազում երաժիշտներ հնարավորություն են ստացել հանդես գալ նվագախմբի հետ և ձեռք բերել բեմական փորձ: 2013թ-ից նվագախումբը, Արամ Խաչատրյանի 110-ամյակի միջոցառումների շրջանակներում, մասնակցել է մի շարք միջազգային փառատոների Ֆրանսիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում: 2014թ. ելույթներ է ունեցել Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում (այդ թվում՝ Ժնևի Վիկտորիա հոլում՝ «Festival Puplinge»-ի 5-րդ տարեդարձի հոբելյանական եզրափակիչ համերգին): 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրի շրջանակներում, ինչպես նաև 2016-17թթ, ելույթներ է ունեցել «Cordes et Pics», «Puplinge Classique», «Festivaldes Nuits Pianistiques» միջազգային փառատոներում: Համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի մենակատարների և դիրիժորների հետ, ինչպիսիք են ակորդեոնահար Ռ.Գալիանոն (Ֆրանսիա), ջութակահարներ Ջ.Մ.Ֆիլիպս-Վարժապետյանը (Ֆրանսիա), Նիկոլայ Մադոյանը (Հայաստան), Լևոն Չիլինգիրյանը (Մեծ Բրիտանիա), Ֆ.Ռուդինը (Ռուսաստան), սաքսոֆոնահար Ֆ.Մոնդելչին (Իտալիա), դաշնակահարներ Գ.Քամփաները (Իտալիա), Թ.Փֆաֆը (Ֆրանսիա), հոբոյահար Գ.Բորտոլատոն (Իտալիա), դիրիժորներ Գ.դե Լորենցոն (Իտալիա), Դ.Վալդմանը (Ֆրանսիա), Մ.Գարդոլինսկան (Լեհաստան), Ա.Փարիսը (Ֆրանսիա) և այլք: Նվագախումբը տարեկան ավելի քան 40 համերգ է անցկացնում Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, պարբերաբար ցուցադրվում հայկական ռադիո և հեռուստահաղորդումների շրջանակներում, ինչպես նաև նախագահական հրավերով հանդես գալիս օտարերկրյա ղեկավարների համար կազմակերպվող հատուկ ներկայացումներում: Նվագախումբը մեծ ներդրում ունի Հայաստանում կամերային երաժշտական մշակույթի տարածման և արմատավորման գործում: