Հիմնադրվել է 1938թ., Երևանում։ Հիմնադրման օրից նվագախումբը ղեկավարել է թավջութակահար, երգահան, կոմպոզիտոր Արտեմի Այվազյանը։ Այդ տարիներին նվագախումբը բազմիցս ելույթներով հանդես է եկել խորհրդային մի շարք քաղաքներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նվագախումբը ելույթներ է ունեցել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այվազյանի ղեկավարությամբ նվագախմբի կազմում ընդգրկված էին այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են՝ Ցոլակ Վարդազարյանը (շեփոր), Միքայել Խաչատրյանը (շեփոր) և Հայաստանում ջազային հարվածային դպրոցի հիմնադիր Ռոբերտ Յոլչյանը։ 1956թ-ից՝ շուրջ 36 տարի, նվագախմբը ղեկավարել է դաշնակահար, կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը։ Նվագախմբի համերգային գործունեությունը շարունակվել է՝ ընդլայնելով իր աշխարհագրությունը՝ Թունիս, Լեհաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Լիբանան, Սիրիա։ 1975թ. նվագախումբը հյուրախաղերով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Օրբելյանի ղեկավարած նվագախմբում հանդես են եկել և ճանաչում ձեռք բերել բազմաթիվ մենակատարներ և երաժիշտներ՝ Ալլա Պուգաչովան, Լարիսա Դոլինան, Իրինա Օտիևան, Ժակ Դուվալյանը, Սիմոն Տերյանը, Բելլա Դարբինյանը, Գեորգի Մինասյանը, Էռնա Յուզբաշյանը, Զառա Տոնիկյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Էլվինա Մակարյանը և այլք։ 1992թ. նվագախմբը դադարեցրել է գործունեությունը՝ պայմանավորված Հայաստանում ճգնաժամային, ծանր սոցիալական և պատերազմական դրությամբ։ 1997թ. նվագախումբը վերսկսել է իր գործունեությեունը դաշնակահար, գործիքավորող և կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Վերաբացված նվագախումբը համալրել է նվագացանկը նոր, ժամանակակից գործիքավորումներով և ստեղծագործություններով։ Նվագախումբը կարճ ժամանակում արժանացել է մի քանի միջազգային երաժշտական մրցանակների, ձայնագրել է 3 ձայնապնակ և հյուրախաղերով բազմիցս հանդես է եկել Լոս Անջելեսում և Մոսկվայում։ 2010թ. նվագախմբի գեղարվեստական ղեկավար է դարձել սաքսոֆոնահար, գործիքավորող և կոմպոզիտոր Արմեն Հյուսնունցը, ով նվագել է նվագախմբի կազմում 1988թ-ից Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ և վերաբացումից հետո էլ հանդիսացել է նվագախմբի մենակատար և երաժշտական ղեկավարը։ Այդ տարիներին նվագախմբի նվագացանկը բազմապատկվել է՝ համաշխարհային ջազային երաժշտության նմուշներով և 80-ամյա հայկական ջազը ներկայացնող հեղինակային ստեղծագործություններով։ Նվագախումբը ակտիվ համագործակցում է միջազգային երաժշտական հարթակում ներկայացող հայ երաժիշտների հետ՝ Վահագն Հայրապետյան, Արտակ Ներսիսյան, Ջիվան Գասպարյան Կրտսեր, Ավագ Մարգարյան։ Ելույթներով հանդես է եկել Ռուսաստանում, Բելառուսում, ԱՄԷ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Լատվիայում, Լիտվայում և այլուր։ Նվագախմբի հետ ելույթներով հանդես են եկել այնպիսի միջազգային ճանաչում վայելող մենակատարներ, ինչպիսիք են՝ Դի Դի Բրիջուոթերը, Արթուրո Սանդովալը, Ադամ Ռապան, Չիկո Ֆրիմանը, Ջոն Մարշալը, Ջեմմի Դևիսը, Շերոն Կլարկը, Մայքլ Մեյոն, Հյուբերտ Թաբսը, Ռոնալդ Բեյքերը, Իգոր Բուտմանը, Արտո Թունջբոյաջյանը, Մարիամ Մերաբովան, Տիգրան Համասյանը, Սերգեյ Մանուկյանը և այլք։