Ծնվել է 1958թ. հունվարի 1-ին, Հայաստանի Էջմիածնի շրջանի Գայ գյուղում: 1975թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1975-79թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։ 1979-85թթ աշխատել է Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ 1985-88թթ ուսումը շարունակել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրայում։ 1989թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1989թ-ից որպես դասախոս աշխատանքի է անցել ՀՊՄՀ պատմության ֆակուլտետում սկզբում ԽՍՀՄ, ապա՝ հայոց պատմության ամբիոններում։ 1999թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայագիտությունը Ռուսաստանում 19-րդ դարում» թեմայով։ 2000թ-ից դասավանդում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնում։ 2006-08թթ եղել է ԵՊՀ գիտական վարչության հումանիտար գիտությունների բաժնի պետը, գիտակազմակերպչական բաժնի վարիչը։ Հեղինակել է չորս մենագրություն և շուրջ 50 գիտական հոդվածներ: Գիտական հետազոտությունների հիմնական ոլորտը Հայ-ռուսական հարաբերություններն են: Անդամակցում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի խորհրդին, Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենդարանի գիտական խորհրդին: Հայաստանի պատմություն դասավանդողների ասոցիացիայի նախագահն է: Հրատարակվել են նրա «Ինչպես գրել գիտական աշխատանք պատմությունից» (2014թ.), «Սուրմալու (1828-1921)» (2015թ.), «Ռուսաստանը և հայերը» (ռուսերեն, 2015թ.) և այլ աշխատություններ: