Zark Foundation

Հայկանուշ Դանիելյան

Հայկանուշ Դանիելյան

Օպերային երգչուհի

3 դեկտեմբեր, 1893 - 19 ապրիլ, 1958

Ծնվել է Թիֆլիսում: 1920թ. ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան՝ Ն.Իրեցկայայի դասարանը: 1920-22թթ աշխատել է Պետրոգրադում, Կ.Մարջանիշվիլու ղեկավարությամբ գործող երաժշտական կոմեդիայի թատրոնում, հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի: 1922-32թթ երգել է Թիֆլիսի օպերայի և բալետի պետական թատրոևում, 1924թ. Լևոն Իսեցկու և Շարա Տալյանի հետ մասնակցել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) օպերա-օպերետային խմբի ներկայացումներին: 1932թ-ից աշխատել է Երևանի պետական օպերայիև թատրոնում: 1943-51թթ դասավաևդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1949թ-ից՝ պրոֆեսոր), 1949-52թթ եղել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցի ղեկավարը: Երգչուհու երգեցողությունն աչքի է ընկել գեղարվեստական կատարելությամբ, հազվագյուտ վարպետությամբ և մշակույթով: Նրա արտակարգ գեղեցիկ, մաքուր ձայնը հավասարապես անբասիր է հնչել բոլոր ռեգիստրներում: Նրա արվեստին բնորոշ է վոկալ բնութագրման միջոցների հարստությունն ու բազմազանությունը, զմայլող կանտիլենան, երաժշտական արտահայտման նրբությունն ու անմիջականությունը: Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում հանդես է եկել մի շարք օպերաներում՝ Ջ.Վերդիի «Ռիգոլետտո» (Ջիլդա, 1933թ.), «Տրավիատա» (Վիոլետտա, 1936թ.), «Օթելլո» (Դեզդեմոնա, 1942թ.), Ջ.Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա, 1933թ.), Շ.Գունոյի «Ֆաուստ» (Մարգարիտ, 1933թ.), Ջ.Պուչչինիի «Չիո-Չիո-սան» (Բատերֆլայ, 1934թ.), Ա.Տիգրանյանի«Անուշ» (Անուշ, 1935թ.), Լ.Դելիբի «Լակմե» (Լակմե, 1937թ.), Ա.Այվազյանի «Թափառնիկոս» (Սոֆի, 1938թ.), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Մարֆա, 1940թ.), Ու.Հաջիբեկովի «Քյոռ օղլի» (Նիգյար, 1942թ.), Գլինկայի «Իվան Սուսանին» (Անտոնիդա, 1942թ.), Մեյերբերի «Հուգենոտներ» (Մարգարիտ Վալուա, 1943թ.), Փալիաշվիլու «Դաիսի» (Մարո, 1943թ.), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա, 1945թ.) և այլն: 1946թ. Անտոնիդայի և Մարգարիտ Վալուայի դերակատարումների համար նրան շնորհվել է ԽՍՀՄ Պետական մրցանակ: Կամերային համերգացանկում ընդգրկել է Պ.Չայկովսկու, Ն.Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Գլազունովի ռոմանսներն ու երգերը: Եղել է հայ վոկալ արվեստի խոշոր վարպետ, հայրենի երգի և ռոմանսի նուրբ ու հարազատ մեկնաբանող: Ազգային երաժշտության տարբեր նմուշներին հաղորդել է անկրկնելի հմայք, երաժշտական երանգների ճոխություն՝ վեր հանելով նրանց ինքնատիպ կոլորիտի ամբողջ գեղեցկությունը: Հատկապես խոր ներշնչանքով է կատարել «Ծիծեռնակ», Կոմիտասի«Ալագյազ բարձր սարին», «Չինար էս», «Ծիրանի ծառ», «Քելե-քելե», «Քելեր-ցոլեր», «Էս առուն» երգերը, Ա.Սպենդիարյանի «Առ սիրուհիս», «Թաթարական օրորոցային», Ռ.Մելիքյանի «Սև կաքավիկ», «Շափաղ կուտաս», «Ծիլ-ծիլա» ռոմանսները: Եղել է ԽՍՀՄ 2-րդ գումարման Գերագույն սովետի և Հայաստանի 1-ին և 3-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: 1934թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, 1939թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման (հայ երգարվեստից առաջինն է ստացել տվյալ կոչումը): Մահացել է Երևանում: Հայկանուշ Դանիելյանի անվամբ է կոչվում Երնանի երաժշտական դպրոցներից մեկը: