Հայկանուշ Թոփուզյան
Ծնվել է Կոստանդնուպոլսի Այազփաշա թաղամասում: Մառք գրական անունը ստացել է հոր անվան առաջին վանկից: 1898թ. ավարտել է ծննդավայրի Եսայան վարժարանը, որից հետո ուսումը շարունակել է մասնավոր դասերով` գրաբարագետ Հակոբ Գուրգենի մոտ, միաժամանակ դասավանդել Ազգային վարժարանի գիշերօթիկ որբանոցում: Այնուհետև ութ տարի դասավանդել է Նշանթաղի Նիկողոսյան աղջկանց բարձրագույն վարժարանում: 1903թ. արժանացել է «Մասիս» գրական թերթի երկրորդ մրցանակին: Նույն թվականին տպագրել է «Աղջկան մը հոգին» վիպակը: 1905-07թթ ամուսնու «Մանզումեի էֆքյար» թերթի խմբագիր Վահաբ Թոշիկյանի հետ հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը կանանց համար: 1907թ. մեկնել է Իզմիր, քանի որ ամուսինը հրավիրված էր խմբագրելու «Արշալույս» և «Արձագանք» թերթերը: Այստեղ ևս շարունակել է իր գործը` վարելով կանանց բաժինը: 1909թ. վերադարձել է Կոստանդնուպոլիս, որտեղ հայտնվել է հասարակական գործունեության էպիկենտրոնում: Սիպիլը նրան հրավիրել է Ազգանվեր հայուհյաց ընկերություն, որտեղ վերջինս վարել է ատենադպիրի պաշտոնը: Հետագայում նույն պաշտոնը վարել է նաև Հայ կանանց, Հայ տիկնանց ընկերություններում, Ազգային հիվանդանոցի օժանդակ հանձնախմբում և այլուր: 1919-32թթ հրատարակել է «Հայ կինը» հանդեսը: 1921թ. հրատարակել է «Ծուլության պահեր» բանաստեղծությունների ժողովածուն: 1936թ. աշխատակցել է ամուսնու հրատարակած «Նոր լուր թերթին», վարել կանանց բաժինը: Թղթակցել է «Բյուրակն», «Հայաստանի կոչնակ», «Երիտասարդ հայուհի» պարբերականներին: Մահացել է Կոստանդնուպոլսում: