Ծնվել է 1943թ. մարտի 31-ին, Արտաշատի Ոստան գյուղում: Մեկ տարեկան հասակից տեղափոխվել է Երևան: Ավարտել է Երևանի Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը: 1961-65թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում` Արտաշես Հովսեփյանի արվեստանոցում: Ուսանողական տարիներին խաղացել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Առաջին դերը եղել է Սեդան` Գ.Բորյանի «Կամուրջի վրա» ներկայացման մեջ: 1965-67թթ աշխատել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: 1967թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որտեղ կերտել է բազմաթիվ դերեր: Խաղացած ներկայացումներից են` Հ.Թումանյանի «Գիքոր» (Գիքոր), «Մի բուռ մանրուք» (Էվա), «Անուշ» (Սարոյի մայր), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Լեդի Աննա), «Մակբեթ» (Դայակ), «12-րդ գիշեր կամ... սիրուց եմ մեռնում» (Դուքսի քեոի), Եվրիպիդեսի «Մեդեա» (Դայակ), Դ.Ալիգերիի «Աստվածային կատակերգություն» (Լիլիթ), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Ջոնիի տատ), Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Էրիտա), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Մելյա), Խ.Միլիանի «Ցիանակալիում կաթով… կամ առանց կաթի» (Սոկոռո) և այլն: Խաղացել է նաև հեռուստաթատրոնում, հեռուստասերիալներում և ֆիլմերում: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: