Zark Foundation

Հայկ Ավետիսյան

Հայկ Ավետիսյան

Ազգագրագետ, հնագետ

Ծնվել է 1956թ. մայիսի 1-ին, Երևանում: 1973թ. ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, 1983թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել է ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հեռակա ասպիրանտուրա։ 1985թ-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1989թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1995-2003թթ եղել է ԵՊՀ գիտքարտուղարը: 2002թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2003թ-ից՝ պրոֆեսոր): 2004-09թթ եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը։ 2009թ-ից Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչն է։ Գործուն մասնակցություն է ունեցել Թալինի, Օշականի, Արենիի պեղումներին, ղեկավարել Արագածի, Արամուսի, Այգեշատի հնագիտական արշավախմբերը: Հեղինակել է Հայաստանի և Առաջավոր Ասիայի մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսի մշակույթին նվիրված հրապարակումներ: Այս հետազոտություններում հմտորեն համադրելով հնագիտական և պատմագիտական նյութը՝ հանգել է մի շարք կարևորագույն հետևությունների: Մասնակցել է հանրապետական և միջազգային մի շարք գիտաժողովների Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլուր: Հարավային Կովկասի նմանօրինակ հաստատությունների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում նրա ղեկավարությամբ արդյունաշատ աշխատանքներ իրականացնող ԵՊՀ հնագիտության գիտահետազոտական լաբորատորիան: Նրա ղեկավարությամբ մեծապես ընդլայնվել են ԵՊՀ պատմության ֆակուլտետի, մասնավորապես՝ հնագիտության և ազգագրության ամբիոնի միջազգային կապերը, որոնց մասնակցությամբ պեղումներ են իրականացվել ՀՀ Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում և այլուր: Անդամակցում է մի շարք գիտական խորհուրդների, Եղել է միջազգային հնագիտական արշավախմբերի գիտական ղեկավար, գիտական ամսագրի խմբագիր: Հրատարակվել են նրա «Արագածի և Արամուսի պաշտամունքային կառույցներն ու քարակոթողները» (2002թ.), «Արամուս» (2012թ.) և այլ աշխատություններ: 2006թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալի: