Zark Foundation

Հայկ Բոյաջյան

Հայկ Բոյաջյան

Կոմպոզիտոր

Ծնվել է 1938թ. մայիսի 15-ին, Փարիզում: Վաղ հասակում տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ սովորել է Լիստի կոնսերվատորիայում: 1958թ-ից բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ երաժշտական ուսումը շարունակել է Նոր անգլիական կոնսերվատորիայում և Բրանդեյսի համալսարանում: Հետագայում բնակություն է հաստատել Լեքսինգթոնում: Համագործակցել է ամերիկյան արվեստի միությունների հետ: Գրել է տարբեր ժանրերում` կամերայինից մինչ սիմֆոնիկ: Գործերը ընդգրկում են դաշնամուրային, երգեհոնային պիեսներ, ձայնի և դաշնամուրի համար, երգչախմբի համար գրված գործեր, կամերային գործեր` փայտյա փողային, պղնձյա փողային, լարային գործիքների տարբեր համակցություններով, սիմֆոնիկ ստեղծագործություններ` սիմֆոնիաներ, նախերգանք, օրատորիա և այլն: 2012թ. ստեղծել է 3 նոր ստեղծագործություն` «Canticle N 2»-ը թավջութակի և դաշնամուրի համար, դաշնամուրային «32 վարիացիան Բախի թեմայով» և «Հայկական կանտիկլ»-ը: Ավելի վաղ երկերից են` 1980-ականներին ստեղծված Լարային կվարտետը համար 2 «Ազատ» և Երևանում բազմիցս կատարված «Քաղաքավարության կանոններ»-ը սոպրանոյի և դաշնամուրի համար: Երկերը կատարվել են աշխարհի բազմաթիվ երկրներում և ձայնագրվել են հայտնի ստուդիաներում: Հայաստանի կոմպոզիտորների միության, ASCAP միության և Մաք Դոուել Քոլոնիի անդամ է: Դաշնամուրային երրորդ սոնատի համար արժանացել է Գրեմմի մրցանակի: Մրցանակներ է ստացել նաև ASCAP-ից, Լեքսինգթոնի արվեստի խորհրդից և այլն: