Zark Foundation

Հայկ Գյուլիքևխյան

Հայկ Գյուլիքևխյան

Գրականագետ, գրաքննադատ

7 հունվար, 1886 - 29 սեպտեմբեր, 1951

Ծնվել է Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ռեալական դպրոցում, ապա մեկնել է Գերմանիա, Ենայի և Լայպցիգի համալսարաններում հետևել փիլիսոփայության, քաղաքատնտեսության և գրականության դասընթացներին։ 1907թ. սովորել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի համալսարանում։ 1914թ. ավարտել է Հայդելբերգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Նույն տարում ձերբակալվել է իբրև ռուսահպատակ և ուղարկվել գերմանական համակենտրոնացման ճամբար, որտեղից ազատվել է 1918թ.։ 1918-19թթ եղել է Աստրախանում, ծառայել 11-րդ բանակում, խնբագրել «Կրասնի վոեին» թերթը, իսկ 1919թ.` «Կարմիր բանվոր» թերթը։ 1920թ. աշխատել է Գրոզնիում` որպես կուսակցության քաղկոմի ագիտբաժնի վարիչ, ապա` քարտուղար։ Նույն թվականին փոխադրվել է Հայաստան, կարճ ժամանակ խմբագրել Երևանի «Կոմունիստ» հայերեն թերթը։ 1921թ. աշխատել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի)` որպես գավառային կոմիտեի կուլտպրոպ բաժնի վարիչ և «Կարմիր Շիրակ» թերթի խմբագիր։ 1923թ. եղել է ՀԿԿ Կենտկոմի բաժնի վարիչը, մեկ տարի հետո` «Վերելք» ամսագրի խմբագիրը։ 1924-27թթ եղել է Երևանի պետական համալսարանի պրոռեկտորը (1929թ-ից՝ պրոֆեսոր), 1931-34թթ` ՀԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի ռեկտորը, 1934թ.` լուսժողկոմատին առընթեր գրականության և պատմության ինստիտուտի ռեկտորը։ 1936-38թթ խմբագրել է Հայաստանի պատմության և գրականության ինստիտուտի տեղեկագիրքը։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1938թ-ից` Արմֆանի գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1938-45թթ բռնադատվել է՝ գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում: Զբաղվել է ինչպես եվրոպական, այնպես էլ ռուս և հայ դասական ու արդիական գրականության հարցերով։ Ուսումնասիրել է արվեստի ու գրականության համարյա բոլոր ճյուղերն ու ժանրերը, խոսել և գրել է Շեքսպիրի, Գյոթեի, Հայնեի, Հեգելի, Պուշկինի, Բելինսկու, Չերնիշևսկու, Դոբրոլյուբովի, Գորկու, Պլեխանովի, Աբովյանի, Շիրվանզադեի, Սունդուկյանի և հայկական դրամատուրգիայի, թատրոնի ու կինոարվեստի անվանի ներկայացուցիչների մասին։ 1920-ական թվականներին եղել է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հիմնադիրներից մեկը և լրջորեն հետևել է նորածիլ գեղարվեստական գրականության զարգացման կենդանի պրոցեսին: 1920-30-ական թվականներին բազմաթիվ հրապարակային զեկուցումներ է կարդացել և հոդվածներ գրել պրոլետարական նոր գրականության զարգացման ու վերելքի մասին։ Նշանակալից է 1930թ. «Խորհրդային Հայաստան» թերթում լույս տեսած «Գեղարվեստական գրականության հիմնական խնդիրները» հոդվածաշարը, որտեղ նա քննադատել էր պրոլետարական գրականության ստեղծման դեմ ծառացող այդ ժամանակների նիհիլիստներին։ Գրականագիտական հատուկ ուշադրության արժանի գործ է «Պուշկինի գեղագիտական հայացքները դրամատուրգիայի վերաբերյալ» հոդվածը, որտեղ զարգացրել է այն կարևոր միտքը, որ Պուշկինը ոչ միայն ռուս ժողովրդի ազգային մեծ պոետն է, այլ առանձնահատուկ տեղ է գրավում ռուսական գեղագիտության և քննադատության մեջ։ Գրականագետի աշխատությունների ցանկում նշանակալից տեղ են գրավում Մ.Գորկու, Ի.Ճավճավաձեի և այլոց մասին գրված բազմաթիվ հոդվածները։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում «Շեքսպիրը նախասովետական հայ քննադատության մեջ» և «Ադամյանի Շեքսպիրը» հոդվածները։ Նա իր հոդվածներում նախ ծանոթացրել Է ընթերցողին Շեքսպիրի գործերի հայերեն թարգմանության պատմության հետ, այնուհետև խոսել այն դերի մասին, որ կատարել է հայ խոշորագույն դերասան Պետրոս Ադամյանը շեքսպիրյան գործերի իր բեմականացման ու Շեքսպիրի մասին գրած գրքույկով։ Հեղինակի գրական աշխատասիրությունների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում Րաֆֆու «Կայծերի» և Ռափայել Պատկանյանի գեղարվեստական արձակի մասին գրված ծավալուն գործերը։ Հրատարակվել են նրա «Գաբրիել Սունդուկյան» (1944թ.), «Սովետական դրամատուրգիայի մասին» (1948թ.), «Քննադատական հոդվածներ» (1955թ.), «Ընտրանի» (1978թ.) գրքերը: Կյանքի վերջին տարիներին աշխատել է Երևանի Վ.Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտում։ Մահացել է Երևանում: Գյուլիքևխյանի անունով Երևանում կոչվել է փողոց: