Ծնվել է 2000թ. հուլիսի 6-ին, Երևանում: 2005-11թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի Հասմիկ Անչարակյանի դաշնամուրի դասարանում: 2016թ. ավարտել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի շեփորի բաժինը՝ Դավիթ Օնիպչենկոյի դասարանը: 2021թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շեփորի բաժինը՝ Արմեն Մաիլյանի դասարանը: 2021թ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ինտերակտիվ նամականիշում, ուր տեսաձայնագրված է կոմպոզիտորի շեփորի և նվագախմբի համար գրված կոնցերտը: 2022թ. լույս է տեսել նրա և դաշնակահար Անահիտ Ներսիսյանի ձայնագրած «Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները շեփորի համար», «Armenian Composers Music for Trumpet» ձայներիզը՝ նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 100-ամյակին: 2017թ-ից ընդգրկված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմում: Նվագախմի հետ հանդես է եկել որպես մենակատար՝ կատարելով Ա.Հարությունյանի շեփորի կոնցերտը: Դարձել է մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր, այդ թվում՝ 2015թ. Մարսել քաղաքում կայացած «Մյուզիք Էնիդեյ» մրցույթի, 2019թ. Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթի, 2021թ. Մինսկի փողային գործիքների կատարող երաժիշտների առցանց «WoodwindBrassPremium-2021» 1-ին միջազգային մրցույթի և Փարիզի «1st International Eurochestries online talent Contest» երիտասարդ կատարող-երաժիշտների առցանց 1-ին միջազգային մրցույթի 1-ին մրցանակներին: 2022թ-ից շարունակում է ուսումը Ցյուրիխի Արվեստների համալսարանի մագիստրատուրայում՝ պրոֆեսոր Լորան Տինգուելիի դասարանում: