Zark Foundation

Հայկ Դանզաս

Հայկ Դանզաս

Դերասան, բեմադրիչ

10 մայիս, 1899 - 22 մարտ, 1977

Հայկ Բինայան
Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ` Դոնի Ռոստով): Եղել է դերասանուհի Իզաբելլա Դանզասի ամուսինը: Սովորել է ծննդավայրի հայկական հոգևոր սեմինարիայում, ապա Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Մասնագիտական կրթությունն ստացել է Դոնի Ռոստովում, ՄԽԱՏ-ի դերասան Ա.Խառլամովի «Դրամատիկական դասընթացներում»: Բեմական գործունեությունն սկսել է 1919թ.` տեղի ռուսական թատրոնում: 1920թ-ից որպես ռեժիսոր, դրամատիկական և օպերետային դերասան հանդես է եկել Դոնի Ռոստովի, Թբիլիսիի, Բաքվի, Կրասնոդարի, Լենինականի (այժմ` Գյումրի) հայկական թատրոններում: 1922թ. եղել է Ռոստովի հայկական սովետական առաջին երաժշտական կոմեդիայի, 1942թ.` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների հիմնադիրներից: 1942թ-ից աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Ի.Կալմանի «Սիլվա» (Բոնի), «Բայադերա» (Նապոլեոն), Էրվեի «Մադմուազել Նիտուշ» (Ֆլորիդոր), Բ.Շոուի «Պիգմալիոն» (Ալֆրեդ), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Նազար), Շտրաուսի «Գնչուների բարոն» (Ստեֆան), Վ.Կոտոյանի «Սիրո հովիտը» (Չոկան), Ռ.Նելսոնի «Թագավորը զվարճանում է» (Ռոմեո), Ի.Դունաևսկու «Ազատաշունչ հողմ» (Նիկկի), Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» (Կարմիկյան), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Լևոն), Ա.Այվազյանի «Աշուղ Մուրադ» (Լոպազ Զադե), «Ուշ լինի, նուշ լինի» (Արշակ), Վ.Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (Գրումիո) և այլն: Բեմադրել է Ի.Կալմանի «Սիլվա» (1923թ., 1933թ.), «Մարիցա» (1925թ., 1933թ., 1943թ.), Լեհարի «Կենսուրախ այրին» (1933թ.) օպերետնևրը, Գ.Սունդուկյանի «Խաթաբալա»-ն (1937թ.): Վարպետորեն տիրապետել է օպերետային ժանրի արտահայտչամիջոցներին, վերամարմնավորման արվեստին: Նրա արվեստը նպաստել է Սովետական Հայաստանում օպերետային ժանրի կատարողական ավանդույթների հաստատմանը: Նկարահանվել է նաև ֆիլմերում` «Արարատյան դաշտավայրի աղջիկը» (1949թ.), «Մանրուք» (1954թ.), «Մոր սիրտը» (1957թ.), «Նրա երևակայությունը» (1959թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.) և այլն: 1950թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: