Zark Foundation

Հայկ Դավթյան

Հայկ Դավթյան

Ջութակահար, դիրիժոր

Ծնվել է 1961թ. մարտի 13-ին, Մոսկվայում: Դիրիժոր Յուրի Դավթյանի որդին է: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում` Տ.Հայրապետյանի դասարանում: 1985թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Է.Թադևոսյանի ջութակի դասարանը, 1990թ.՝ Յ.Դավթյանի դիրիժորական դասարանը: 1981թ. դարձել է Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր, 1996թ.՝ «Պիեր Լանտիե» միջազգային մրցույթի Գրան Պրի մրցանակակիր: Կատարել է Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Կոմիտասի, Թաթուլ Ալթունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Դիրիժորական գործունեությունն սկսել է 1987թ. Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ 1990թ-ից ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միության նվագախումբը: 1991թ. նշանակվել է Հայաստանի պետական ռադիոյի նվագախմբի հրավիրված դիրիժոր: Որպես ջութակահար իրականացրել է ծավալուն համերգային գործունեություն Հայաստանում, Ֆրանսիայում, Կանադայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Իսրայելում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քաթարում և այլ երկրներում: Դասավանդում է Ստրասբուրգի կոնսերվատորիայում: Հանդիսանում է ֆրանսիական «Նաիրի» նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը, «Սեն Մանդե» սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը, Փարիզի ռադիոյի փառատոնային նվագախմբի ղեկավարը: