Ծնվել է Արցախի Դահրավ գյուղում: 1945թ. ավարտել է Շուշիի մանկավարժական ուսումնարանը, 1950թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1952-54թթ եղել է Ղափանի (այժմ՝ Կապան) ժողովրդական կրթության բաժնի վարիչը։ Միաժամանակ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ղափան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 1955-59թթ աշխատել է Ղափանի «Պղնձի համար» և «Քաջարան» թերթերի խմբագրություններում։ 1960-65թթ աշխատել է Հայկական հեռագրական գործակալությունում (այժմ՝ Արմենպրես) որպես թղթակից, բաժնի վարիչ։ 1964-65թթ եղել է Արմենպրեսի գլխավոր խմբագիրը, 1965-71թթ՝ «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրի տեղակալը: 1971-2001թթ աշխատել է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում, որտեղ 1976-79թթ եղել է պատասխանատու քարտուղարը և գլխավոր խմբագրի տեղակալը: Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1943թ. «Սովետական Ղարաբաղ» թերթում։ 1967թ. լույս է տեսել գրողի առաջին գիրքը («Տիգրան Մեծ»): Երևանի հիմնադրման 2750-ամյակին է նվիրված նրա «Էրեբունի» վեպը (1968թ.): Այնուհետև տպագրվել են «Տիգրան Մեծ» (Ա և Բ մասերը մեկ գրքով, 1972թ.), «Արտավազդ» (1975թ.), «Արտաշես» (1980թ.), «Քերթողահայրը» (1985թ.), «Խաշխաշ» (1987թ.), «Երվանդ Սակավակյաց» (1989թ.), «Տրդատ Մեծի խաչը» (1996թ.), «Վաչագան» (1998թ.), «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» (1999թ.), «Կիլիկյան Հայաստանի երևելիները» (2001թ.), «Հայոց առաջին արքան» (2005թ.) պատմավեպերը, «Վանատուր» (1978թ.), «Հացապատում» (1984թ.), «Սոսյաց անտառ» (1988թ.), «Արքայապատում» (1996թ.), «Հայոց թագուհիները» (1998թ.), «Հայոց հնօրյա զվարճախոսները» (2005թ.), «Հազարագիտարան» (2003թ.), «Հայուհիներ» (պրակ Ա, 2001թ.) պատումաշարերը: Գրել է նաև Հայաստանի գրողների միության «Գրական տեղեկատու» (1975թ., 1981թ., 1986թ.) և «Հայկական օրացույցների և տարեցույցների մատենագիտություն. 1513-1973» (1976թ.) գրքերը: 1988թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: