Zark Foundation

Հայկ Մելիքյան

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Ծնվել է 1980թ. նոյեմբերի 29-ին, Երևանում: Բանաստեղծ Սոկրատ Խանյանի թոռն է: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը՝ Ալեքսանդր Գուրգենովի դասարանը, այնուհետև` ստեղծագործական բաժինը՝ Վարդան Աճեմյանի դասարանը: Միջազգային բեմելը տեղի է ունեցել 2000թ., Հռոմում` «Concerto di Concerti» 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում: 2000թ. Հռոմում կայացած «Premio Valentino Bucchi» 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային դաշնամուրային մրցույթի ժամանակ արժանացել է 2-րդ մրցանակին: Հետագայում դարձել է այլ բազմաթիվ մրցույթների դափնեկիր, այդ թվում` «Yvar Mikhashoff Trust for New Music» (Բուֆֆալո, ԱՄՆ, 2012թ.), Օրլեանի միջազգային դաշնամուրային մրցույթի Սամսոն Ֆրանսուայի և Անդրե Բուկուրեշլիևի անվան մրցանակներ (Ֆրանսիա, 2008թ., 2012թ.), Ղ.Սարյանի անվան կոմպոզիտորների մրցույթի 1-ին կարգի մրցանակ (Երևան, 2008թ.), «Ibla Grand Prize» դաշնամուրային մրցույթի հատուկ մրցանակ (Ռագուսա, Իտալիա, 1999թ.) և այլն: Եղել է հայ և օտարազգի շատ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողը, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար: Այս գործունեությունը հանգեցրել է դաշնակահարին 2009թ. հիմնելու «1900+» համերգաշարը` նվիրված 20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտությանը: 2007թ-ից նրա կատարումները թողարկվել են ինչպես սոլո ալբոմների ձևաչափով, այնպես էլ` հավաքածուներում: Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային ամերիկաների բազում երկրներում: 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: