Ծնվել է Կաստանդնուպոլսում, Սեբիաստիայից վերաբնակված և Ղալաթիայում տպարան հիմնած Նշան Պերպերյանի բազմանդամ ընտանիքում։ Թաղային դպրոցից հետո սովորել է Կ.Պոլսի Կեդրոնական ազգային վարժարանում՝ հմտանալով գրաբարին, հայոց պատմությանն ու ֆրանսերենին։ 1915թ. տեղափոխվել է Հունաստան, ապա՝ Եգիպտոս, աշխատելով նախ իբրև թարգմանիչ, ապա՝ Ազգային պատվիրակության քարտուղար։ 1920-ական թվականներից զբաղվել է գիտական-մշակութային գործունեությամբ։ Նրա գիտական առաջին հոդվածները լույս են տեսել Ֆ.Մակլերի և Ա.Մայեի խմբագրած «Revue»-ում, «Ապագա» շաբաթաթերթում և այլ պարբերականներում։ 1965թ. Վիեննայում լույս է տեսել նրա «Նյութեր Կ.Պոլսո հայոց պատմության համար» գիրքը, որը միտում է ուրվագծել պոլսահայության պատմությունը քաղաքի գրավումից սկսած՝ ճշտելով հոգևոր կենտրոնների դերն ու երևելի գործիչների ժամանակագրությունը։ Ձեռնարկել և ավարտել է Վարդանի «Աշխարհացոյցի» գիտական հրատարակությունը՝ «համեմատությամբ 24 ձեռագրի և տպագրի» (1960թ., Փարիզ)։ Բնագրագիտական աշխատանքի օրինակ է նրա «Հայկականք» հոդվածաշարը («Հանդես ամսօրյա» 1958թ., 1960թ., 1968թ.), ուր բացահայտված ու մեկնաբանված են մասնավորապես Կորյունի երկի բնագրական մի շարք խաթարված ու մութ արտահայտություններ։ 1968թ. գրել է «Նիկեփոր Փոկասի ապստամբությունը և Դավիթ Արծրունի», «Հայոց կաթողիկոսական աթոռին բարձումը 11-րդ դարուն երկրորդ կեսին» աշխատությունները, որում անդրադարձել է հայ-բյուզանդական խնդիրներին։ Միաժամանակ թուրքագիտական պատրաստություն ունեցող հայագետ է եղել. բանագիտության մեջ եզակի է նրա «Արշակ Բ և Քեօրօղլու» հետազոտությունը։ Նա օսմանյան վավերագրություններում հայերին վերագրվող տեղեկություններ է որոնել և գրել «Օսմանյան քանի մը վավերագիր Իսթանպուլի հայոց եկեղեցիներեն ոմանց մասին» աշխատանքը։ Հայագիտական-թուրքագիտական պատրաստության դրսևորումներից է նրա «Հայ-թուրքական գրականություն» աշխատությունը, ուր ընդարձակ տեղեկություններ են տրվել թուրքալեզու հայ գրականության և հայատառ թուրքերեն երկերի ու մամուլի մասին։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, հայ գիտնականների տասնյակ աշխատություններ էլ թարգմանել է ֆրանսերեն։ Մահացել է Փարիզում: