Zark Foundation

Հայրապետ Առաքելյան

Հայրապետ Առաքելյան

Սաքսոֆոնահար

Ծվել է 1991թ. մայիսի 13-ին, Երևանում: 1999-2008թթ սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանիանվան երաժշտական մասնագիտական դպրոցում` Ալեքսանդր Մանուկյանի դասարանում: 2008թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` Ալեքսանդր Մանուկյանի դասարան: 2005թ-ից կատարելագործվել է Գերմանիայում` աշխարհահռչակ սաքսոֆոնահար, պրոֆեսոր Դանիել Գոթիեի դասարանում: 2009թ. ընդունվել է Գերմանիայի Քյոլնի Բարձրագույն երաժշտական դպրոց` Դանիել Գոթիեի դասարան: Մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների` Սաքսոֆոնահարների 1-ին հանրապետական մրցույթ (2001թ., Երևան, 1-ին մրցանակ), Սաքսոֆոնահարների միջազգային մրցույթ (2002թ., Նանտ, Ֆրանսիա, երկու 1-ին մրցանակ տարիքային տարբեր խմբերում), Փողային գործիքների միջազգային մրցույթ (2002թ., Ամիեն, Ֆրանսիա, 2-րդ և հատուկ մրցանակ), «Սելմեր-Փարիզ-Կիև» սաքսոֆոնահարների միջազգային մրցույթ (2003թ., Ուկրաինա, 2-րդ մրցանակ ), Սաքսոֆոնահարների միջազգային մրցույթ (2004թ., Ֆրանսիա, 1-ին մրցանակ), Փողային գործիքների միջազգային մրցույթ (2004թ., Մեց, Ֆրանսիա, 3-րդ մրցանակ), «Դելֆյան խաղեր» միջազգային մրցույթ-փառատոն (2004թ., Մոլդովա, 2-րդ մրցանակ ), «Յամահա» սաքսոֆոնահարների մրցույթ (2005թ., Երևան, Գրան Պրի), Ադրիատիկայի 9-րդ երաժշտական մրցույթ (2007թ., Իտալիա, 2-րդ մրցանակ), «Jugend Musiziert» մրցույթ (2009թ., Գերմանիա, 1-ին մրցանակ), Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության 2009թ. երաժշտական մրցանակ (2009թ., Գերմանիա), «Oldenburger Promenade» միջազգային մրցույթ (2011թ., Գերմանիա, 2-րդ մրցանակ), «Salieri-Zinetti» կամերային երաժշտության միջազգային մրցույթ (2011թ., Իտալիա, 1-ին մրցանակ), «Եվրատեսիլ» երիտասարդ երաժիշտների մրցույթ (2010թ., Ավստրիա): Ելույթ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական կամերային, Հայաստանի պետական երիտասարդական, «Սերենադ» կամերային նվագախմբերի հետ, ինչպես նաև` Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային, Կալինինգրադի պետական կամերային, Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» սիմֆոնիկ, «Folkwang և Koelner Sinfonietta» կամերային, «Bergischer Symphoniker» սիմֆոնիկ, Պիտսբուրգի սիմֆոնիկ, Պոզնանի ֆիլհարմոնիկ, Սինգապուրի երիտասարդական, Ջուլիարդի դպրոցի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Մասնակցել է նաև հանրապետական և միջազգային փառատոների Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Շոտլանդիայում, Իտալիայում, Գերմանիայում, Սինգապուրում, Հայաստանում և այլուր: 2009թ. «Քարնեգի Հոլլ»-ում կայացած «Երաժշտական Օլիմպոս» փառատոնային համերգաշարի ծրագրում ելույթ է ունեցել որպես մենակատար` հանդես գալով «Օլիմպոս» կամերային նվագախմբի հետ: Նույն նախագծի շրջանակներում 2009թ. նվագել է Բեռլինի կամերային նվագախմբի հետ Բեռլինի ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում: Հանդիսացել է այնպիսի հիմնադրամների կրթաթոշակառու, ինչպիսիք են` Վ.Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամը (2001թ.), Նաում Գուզիկի անվան դափնեկիրների հիմնադրամը (2005թ., 2008թ.), «Արամ Խաչատրյան» հիմնադրամը (2002թ.), Deutsche Stiftung Musikleben, Dr.Carl Dörken, Solti հիմնադրամներ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագիր (2000թ.): Մասնակցել է պրոֆեսորներ Թեոդոր Կերկեզոսի (Հունաստան), Դանիել Գոթիեի (Գերմանիա), Կլոդ Դելանգլի, Ժան Պիեռ Ֆորմոյի (Ֆրանսիա) վարպետության դասընթացներին: Որպես մենակատար և դասախոս հրավիրվել է Ֆերմոյի «Միջազգային սաքսոֆոնային հանդիպումներ» դասընթացներին: 2009-10թթ համերգաշրջանում ելույթներ է ունեցել «Alliage Quintet»-ի կազմում: