Ծնվել է Երևանում: Վաղ հասակից ընտանիքով տեղափոխվել է ՌԴ Մայկով քաղաք, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը: 1969թ. վերադարձել է Երևան և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ` Վարդան Աճեմյանի արվեստանոց: 1973թ. ավարտելով ինստիտուտը, Վահե Շահվերդյանի հրավերով, աշխատանքի է անցել Կիրովականի (այժմ` Վանաձորի Հ.Աբելյանի անվան) պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: 1999թ-ից խաղացել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ 2011թ-ից, զուգահեռ` Վանաձորի դրամատիկական թատրոնում: Կերտել է շուրջ 80 թատերական դեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Գ.Սարգսյանի «Բերոյանների ընտանիքը» (Մայր), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորները» (Կռուչինինա), Ա.Չեխովի «Երեք քույրեր» (Օլգա), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Ժամանակ), Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Զառնիշան), «Պատվի համար» (Երանուհի), Կ.Խոդիկյանի «Կինը անձրևից հետո» (Տիկին Մարի), «Մեկ ժամ հիշողություն (Մեծ մայր), Խ.Արամունու «Անվերադարձ ապագա» (Աշխեն տատիկ), Ա.Չեխովի «Բալի այգին» (Շառլոտա), Գ.Լորկայի «Բեռնարդան և նրա աղջիկները» (Բեռնարդա), Ռ.Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը» (Թագուհի), Մուրացանի «Ռուզան» (Թենի), Պ.Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Վհուկ), Ա.Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (Մուրզավեցկայա), Ա.Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտ» (Սիրան) և այլն: Վերջին դերի համար 2009թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: Արժանացել է նաև մի շարք պատվոգրերի, 2011թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Վանաձորում։