Zark Foundation

Հասմիկ Հարությունյան

Հասմիկ Հարությունյան

Օպերային երգչուհի

Ծնվել է 1990թ. հունիսի 18-ին, ՀՀ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում: 2007թ. ավարտել է Ֆ.Վերֆելի անվան միջնակարգ դպրոցը: 2002-07թթ սովորել է Էջմիածնի Կոմիտասի անվան թիվ 2-րդ երաժշտական դպրոցի վոկալ բաժնում, 2006-07թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական մեներգեցողություն նախապատրաստական բաժնում, 2007-11թթ՝ նույն կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի մեներգեցողություն բաժնում, 2011-13թթ՝ նույն բաժնի մագիստրատուրայում: 2015թ. ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի բարձրագույն վարպետության դասընթացներ կուրսերը: Ուսումնառության ընթացքում մասնակցել է բազմաթիվ մրցույթների և փառատոների, արժանացել տարբեր կարգի մրցանակների: 2009թ. արժանացել է Գյումրիի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 2-րդ մրցանակին, 2013թ.՝ նույն մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակին, 2016թ.՝ Տաթևիկ Սազանդարյանի անվան հանրապետական 7-րդ մրցույթի 2-րդ մրցանակին: 2017թ. Գերմանիայում մասնակցել է «Բախ և Կոմիտաս» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել դիպլոմի: Նույն թվականին Բեռլինի Լիխտեմբերգ շրջանի «Փրկչի» տաճարում «Օպերա Վիվա» քառյակով ունեցել է մենահամերգ: 2009-12թթ աշխատել է Երևանի պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնին կից երգչախմբում որպես մեներգչուհի, 2013-15թթ՝ Հայաստանի երգի-պարի պետական անսամբլում: 2015թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես օժանդակ կազմի դերասան: Նույն թվականից հանդիսանում է «Օպերա Վիվա» քառյակի մեներգչուհի, որի շրջանակներում մասնակցություն է ունեցել բազմաթիվ պետական և ոչ պետական միջոցառումներին, համերգային ծրագրերին, հեռուստատեսային հաղորդաշարերին։