Zark Foundation

Հասմիկ Փիլիպոսյան

Հասմիկ Փիլիպոսյան

Արվեստաբան

Ծնվել է 1943թ. մարտի 20-ին, Երևանում: 1962-68թթ սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գեղարվեստի ակադեմիայի արվեստի պատմության և տեսության բաժնում, 1971-74թթ՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում: 1978թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի (կերպարվեստի տեսություն, պատմություն և քննադատություն) գիտական աստիճան: 1968-71թթ աշխատել է Հայաստանի Նախարարների խորհրդին առընթեր հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հեռուստատեսության ստուդիայում՝ որպես խմբագիր, արվեստի հաղորդումների հեղինակ և վարող: 1974-81թթ եղել է Հայաստանի լուսավորության նախարարության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի գեղագիտական դաստիարակության բաժնի վարիչը, 1976-97թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դասախոս (1996թ-ից` պրոֆեսոր), 1991-96թթ՝ նույն բուհի արվեստի պարմության և տեսության ամբիոնի վարիչը: 1997թ-ից արվեստի պատմություն և մշակույթ է դասավանդել Երևանի մի շարք բուհերում` Սանկտ Պետերբուրգի արտաքին ֆինանսական կապերի ինստիտուտի հայկական մասնաճյուղում, Մոսկվայի Ժամանակակից հումանիտար համալսարանի հայկական մասնաճյուղում, Տուրիզմի հայկական ակադեմիայում, «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարանում, «Գլաձոր» համալսարանում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Երևանի պետական համալսարանում: 1971-74թթ հեղինակել է Երվանդ Քոչարի արվեստի առաջին ամբողջական գիտական ուսումնասիրությունը: Հեղինակ է նաև Հայաստանի մշակույթի և արվեստի խնդիրներին նվիրված հինգ տասնյակից ավելի գիտական հոդվածների, հրապարակումների: Զեկուցումներ է կարդացել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաժողովներում, Հայաստանի մշակույթի և արվեստի հիմնախնդիրներին նվիրված միջագային սիմպոզիումներում, դասախոսություններ «Գիտելիք» ընկերությունում: Միջբուհական գիտաուսումնական կապերի շրջանակում գործուղվել է Կիևի Գեղարվեստի ակադեմիա: 1974թ-ից գիտական հետազոտություններ է կատարել դպրոցականների գեղագիտական դաստիարակության նոր համակարգի ներդրման ոլորտում` գեղագիտական առարկաների ծրագրերի բարելավում, համամիութենական ծրագրերի տեղայնացում, նորերի ստեղծում: 1968-82թթ հեղինակել է հայկական հեռուստատեսության «Մի ստեղծագործության պատմություն», «Նկարիչն ու ժամանակը», «Աշխարհի նշանավոր թանգարանները» գիտահանրամատչելի հաղորդումների սցենարները և եղել է հաղորդավար: 1974-96թթ գիտական գործուղումներով եղել է Հարավսլավիայում, Իտալիայում, Մալթայում, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Շվեդիայում: Հայաստանի ժուռնալիստների և նկարիչների միությունների անդամ է, «Հայաստան-Շվեդիա» ընկերության նախագահն է: