Հարոլդ Ուրեկլյան
Ծնվել է Տաշքենդում: Եղել է գրող Գաբրիել Էլ-Ռեգիստանի որդին։ 1951թ. ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1955-75թթ վարել է «Սովետսկի պիսատել» («Советский писатель») հրատարակչության ԽՍՀՄ ժողովուրդների պոեզիայի խմբագրությունը։ Գրել է ռուսերեն։ Առաջին ժողովածուն («Սեր և երգ») լույս է տեսել 1959թ.։ Այնուհետև տպագրվել են նրա բանաստեղծությունների ու պոեմների 16 ժողովածուները, որոնցից առավել նշանակալի են «Պարտքի ձայնը» (1972թ.), «Գետը» (1975թ.), «Տիեզերական յամբեր» (1979թ.), «Երկրային ճանապարհ» (1980թ.), «Ակնթարթ և հավերժություն» (1981թ.), «Հոկտեմբեր» (1995թ.)։ Հեղինակել է նաև ավելի քան 400 երգերի տեքստեր (այդ թվում՝ 35 կինոնկարի համար գրված)։ Նրա քնարերգությունը քաղաքացիական է, նրան մտահոգել են ժամանակի սուր հարցերը։ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի թարգմանության համար 1982թ. արժանացել է Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի անվան գրական մրցանակի։ 1980թ. արժանացել է Ռուսաստանի ԳՄ առաջին մրցանակի, 1984թ.՝ Ռուսաստանի «Պատվո նշան» շքանշանի։ Մահացել է Մոսկվայում: