Zark Foundation

Հարություն Ալամդարյան

Հարություն Ալամդարյան

Բանաստեղծ, պետական, եկեղեցական գործիչ

14 հունվար, 1795 - 25 մայիս, 1834

Գևորգ Ալամդարյան
Ծնվել է Ռուսաստանի Աստրախան քաղաքում։ Ավարտել է տեղի Աղաբաբյան դպրոցը։ 1813թ. հրավիրվել է Մոսկվա. եղել է դպիր՝ Լազարյանների մոտ, ապա՝ Լազարյան ճեմարանի առաջին տեսուչը և ուսուցիչ։ Միաժամանակ դասախոսություններ է լսել Մոսկվայի համալսարանում։ 1824-30թթ եղել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչը. այդ տարիները դպրոցի պատմության մեջ հայտնի են «դար Ալամդարյան» անունով։ Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ օգնել է հայ կամավորական գումարտակի կազմակերպմանը (1827թ.)։ Ունեցել է ռուսական կողմնորոշում, բայց պաշտպանել է հայ եկեղեցական և ազգային-լուսավորական հաստատությունների ինքնուրույնությունը՝ փաստորեն դիմադրելով ցարիզմի ձուլման քաղաքականությանը։ Մեղադրվել է որպես Ներսես Աշտարակեցու գաղափարակից, և Ի.Պասկևիչի թելադրաևքով Էջմիածնի Սինոդը նրան աքսորել է Հաղպատ (1830թ.)։ Գրել է քնարական-սիրային բանաստեղծություններ, ձոներ, առակներ, պատմական ողբերգություն («Հռադամիզդ և Զենոբիա», 1824-28թթ, անավարտ)։ Մեզ հասած բանաստեղծություններից առաջինը գրել է կնոջ մահվան ազդեցությամբ, ողբացել իր վաղանցիկ սերը («Նազելւոյս դէմքն էր ճերմակ ու կարմիր», 1821թ.)։ Նման տրամադրությամբ են համակված նաև «Կոծ», «Սուգ», «Ողջոյն հրաժեշտի զաւակաց իմոց» և այլ բանաստեղծություններ։ Օգտագործել է «վարդի ու սոխակի» ավանդական մոտիվը, բացահայտել թշվառ մարդու տառապանքը («Թշուառութիւն սոխակի», «Վարդակորոյս», «Կոկովանք վարդի», «Սոխակ ի յոգնարս», «Պարերգութիւն»)։ Գրել է նաև կրոնական տաղեր, որտեղ միստիկ մտածողության հետ առկա է բողոքը ճակատագրի դեմ։ Հին կտակարանի մոտիվներով գրված բանաստեղծություններում արտացոլել է մարդկային ողբերգությունը, ըմբոստացել մահվան դեմ («Աղոթք», «Կողկողանք առ խաչ Փրկչին», «Ողբերգութիւն Իսրայելի» և այլն)։ Եղել է հայկական կլասիցիզմից դեպի սենտիմենտալիզմ և ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ։ Թողել է բազմաթիվ նամակներ, ճառեր, հոդվածներ, թարգմանել հատվածներ Տ.Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ»-ից, զբաղվել բառարանագրությամբ և լեզվի հարցերով, կարևոր է համարել ռուսաց լեզվի ուսուցումը («Համառօտ բառարան ի ռուսաց լեզուի ի հայ», 1821թ., «Ռուս-հայերէն գործնական համառօտ քերականութիւն», 1814-16թթ, Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան)։ Հեղինակի համոզմամբ մանկավարժը ոչ թե «վարձկան» պաշտոնյա է, այլ «անձնուրաց հովիվ»։ Նա առաջարկել է դաստիարակության առաջադեմ ուղիներ, մերժել է ծեծը, աշակերտին կոպտելը համարել ուսուցչի անզորության հետևանք։ Գտել է, որ երեխայի ընդունակությունները պետք է զարգացնել աստիճանաբար՝ գնալով պարզից բարդը և առարկաների տեսական իմացությունն ամրապնդել գործնականորեն։ Նա մշակել է Ներսիսյան դպրոցի վարչական, ուսումնական և բարոյակրթական աշխատանքների կանոններ («Առաջարկութիւնք դպրոցական կարգադրութեանց ի պէտս հայկական ուսումնարանին Տփխիս քաղաքի», 1825թ.)։ Նրան են աշակերտել Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանցը, Մսեր Մսերյանը և ուրիշներ։ 1832թ-ից ապրել է Նոր Նախիջևանի (այժմ՝ Դոնի Ռոստով) Սբ. Խաչ վանքում, որտեղ և դավադրաբար սպանվել է: