Zark Foundation

Հարություն Արարատյան

Հարություն Արարատյան

Գրող

20 ապրիլ, 1774 - 6 հունիս, 1831

Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին)։ Գրել-կարդալ է սովորել մասնավոր ուսուցչի մոտ, աշխատել վանքի տպարանում։ 1795թ. մեկնել է Թիֆլիս։ Ծառայել է գեներալ-ֆելդմարշալ Վ.Զուբովի բանակում, մասնակցել 1796թ. կովկասյան արշավանքին։ 1797թ-ից ապրել է Պետերբուրգում։ 1817թ. մեկնել է Փարիզ, երկու տարի մնացել Եվրոպայում։ Սերտ կապերի մեջ է եղել Հովհաննես Լազարյանի, Խաչատուր Լազարյանի, Ռոստոմ Մադաթովի, Դավիթ Աբամելիքի, Ներսես Աշտարակեցու և ուրիշների հետ։ 1813թ. հրատարակել է «Жизнь Артемия Араратского...» (հայերեն հրտ.՝ «Վաղարշապատեցի Հարություն Արարատյանի կյանքը», 1892թ., թրգմ.՝ Պերճ Պռոշյանի) հուշագրությունը, որը մինչև 19-րդ դարի վերջերը համարվել է Կովկասի պատմության լավագույն սկզբնաղբյուրներից մեկը։ Այն արտացոլում է դարաշրջանի պատմական իրադարձությունները, ֆեոդալական հետամնացությունը Անդրկովկասում, ընդգծում լուսավորության ու կրթության անհրաժեշտությունը և այլն։ Հուշագրությունը տոգորված է ազգային-ազատագրական գաղափարներով։ Հեղինակը թուրքական և պարսկական լծից հայ ժողովրդի ազատագրման հնարավորությունը կապել է Ռուսաստանի հետ։ Նրա գիրքը թարգմանվել է գերմաներեն (1821թ.), անգլերեն (1822թ.), հատվածներ 2-րդ հատորից՝ վրացերեն (1885թ.) և այլ լեզուներով։ 1831թ. դուրս է եկել Պետերբուրգից՝ Հնդկաստան գնալու նպատակով, որից հետո նրա մասին ոչինչ հայտնի չէ։