Ծնվել է 1971թ. նոյեմբերի 1-ին, Երևանում: Գրականագետ Սևակ Արզումանյանի որդին է, գրականագետ, արձակագիր Լիլիթ Արզումանյանի եղբայրը: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Արամ Քաթանյանի լարային դասարանում, այնուհետև` Էմին Խաչատրյանի խմբավարական դասարանում: 1999թ-ից աշխատել է իբրև Է.Խաչատրյանի ասիստենտ: Մի շարք եվրոպական երկրներում մասնակցել է վարպետության դասընթացների` Դոմինիկ Ռուիցի, Կոնրադ Ֆոն Աբելի և այլոց մոտ: 1999թ. դարձել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմակերպած դիրիժորական առաջին մրցույթի հաղթող: 2000թ-ից աշխատում է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ուր պատրաստել և ղեկավարել է այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են` Մոցարտի «Դոն Ժուան», Վերդիի «Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա», Ռախմանինովի «Ալեկո», Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» և այլ օպերաներ ու բալետներ, ինչպես նաև` բազմաթիվ գալա-համերգներ: Սիմֆոնիկ և կամերային համերգներով հանդես է եկել Հայաստանում, Վրաստանում, Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Լեհաստանում: 2003թ. դարձել է Լեհաստանում կայացած Գ.Ֆիտելբերգի անվան դիրիժորների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր, 2005թ.` Ուկրաինայում կայացած Վ.Ժորդանիայի անվան մրցույթի հաղթող, ինչպես նաև` «Նվագախմբի համակրանք» մրցանակի դափնեկիր: Մյունխենում մասնակցել է Սելջիու Չելիբիդակեի անվան միջազգային, Երևանում` «Նոր անուններ», «Վերադարձի», «Ազգային պատկերասրահ» փառատոներին: