Zark Foundation

Հարություն Թիրյաքյան

Հարություն Թիրյաքյան

Բանասեր, արևելագետ, թարգմանիչ, բժիշկ

25 դեկտեմբեր, 1845 - 2 մարտ, 1919

Ծնվել է Կեսարիայի նահանգի Թալաս ավանում (այժմ՝ Թուրքիայում): Սկզբնական կրթությունն ստացել է Թալասի Վարդ Պատրիկյան (Գյուլբենկյան) վարժարանում, որտեղ խորացել է հայերեն և թուրքերեն լեզուների մեջ։ 1870թ. միջնակարգ կրթությունն ստացել է Կ.Պոլսի Ֆրերների վարժարանում։ 1870-72թթ եղել է Տրապիզոնի Ազգային Լուսավորչյան վարժարանի տնօրենը և ուսուցիչը։ 1872թ. վերադարձել է Կ.Պոլիս։ 1872-78թթ սովորել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Նյութական անբավարարության պատճառով, ուսմանը զուգահեռ զբաղվել է արևելյան լեզուներից թարգմանություններ կատարելով։ 1878թ. մայիսի 13-ին Փա¬րի¬զում պաշտպանել է «Մոլեխինդ բույսի թույնի մասին» թեմայով ավարտաճառ, որում խոսել է համանուն բույսի թույնի գիտական անալիզի մասին և պատմել, թե ինչպես են դրանով աթենացիները թունավորել և սպանել Սոկրատեսին։ Բժշկության դոկտորի կոչման, Ֆրանսիական ակադեմիայի հատուկ մեդալի և դրամական պարգևի է արժանացել։ 1878թ. վերադարձել է Կ.Պոլիս և Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի բժշկապետ նշանակվել։ Միաժամանակ զբաղվել է հասարակական եռանդուն գործունեությամբ։ 1881-90թթ եղել է Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ։ Եռանդուն մասնակցություն է ունեցել նաև Կ.Պոլսի կրթական ընկերությունների գործունեությանը, ընտրվել Քաղաքական ժողովի Ուսումնական խորհրդի ատենապետ։ 1890թ. Կ.Պոլսի Կումկափուի հեղափոխական հակակառավարական անդրանիկ ցույցը կազմակերպելու և դրան մասնակցելու մեղադրանքով Տատյանների, Արփիար Արփիարյանի, Հակոբ Շավարշի և ուրիշների հետ ձերբակալվել է և բանտարկվել։ 1891թ. ազատվել է բանտից և հեռացել հասարակական կյանքից։ 1891-96թթ զբաղվել է բժշկությամբ և գրական գործունեությամբ։ 1895-96թթ եղել է Կ.Պոլսի Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի գլխավոր բժիշկը, իսկ 1896թ.՝ Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցում բացված բուժքույրական դասընթացի առաջին դասատուն։ 1896թ. ընտանիքով տեղափոխվել է Պարսկաստան, նշանակվել արքունի բժիշկ, արժանացել «խան» տիտղոսի և եղել Մոզաֆֆերէդդին շահի կանանոցի (հարեմի) բժշկապետը: 1899-ական թվականներին, համալսարանական չքավոր ուսանողներին օգնելու համար կազմակերպել է միություն, որը որոշ ժամանակ հաջողությամբ գործել է։ Պարսկաստանում գտնվելու 10 տարիների ընթացքում, բժշկությանը զուգահեռ, զբաղվել է պահլավերենի ուսումնասիրությամբ, թարգմանություններ կատարել այդ լեզվից։ 1906-07թթ ապրել է Շվեյցարիայում, Փարիզում։ 1907թ. տեղափոխվել է ԱՄՆ, հաստատվել Նյու Յորքում: Տիրապեւոել է հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն, զենդերեն, պահլավերեն, արաբերեն, հին և նոր պարսկերեն լեզուներին: Հեղինակել է լեզվաբանական, բանասիրական, թարգմանական, գիտական գրքեր և բազմաթիվ հոդվածներ, որոնք տպագրվել են ժամանակի պարբերական մամուլում։ Ուշագրավ են նրա «Հայկական տաղաչափություն» (1906թ.), «Հայերենի զեղծումները» (1917թ.), «Հայ-երանական ուսումնասիրությունք» (1922թ.) բանասիրական ու լեզվաբանական աշխատությունները: Հեղինակել է «Արիահայ բառարան...»-ը (1914թ., տպագրությունն ավարտվել է 1920թ.), որտեղ ստուգաբանվել են պարսկական ծագում ունեցող հայերեն բառերը: Արժեքավոր են Ֆիրդուսու «Շահնամե»-ի, «Արտաշիր Բաբական» դրվագի (1909թ.), Ատրպատ Մարասպանտի «Անդարձ» (1909թ.) խրատների ժողովածուի, Ն.Բուալոյի «Արվեստ քերթողական»-ի (1919թ.), Սաադիի «Գոլեստան»-ի (1920թ.) և այլ գործերի հայերեն թարգմանությունները: Մահացել է Նյու Յորքում: