Ծնվել է Երևանում: 1967-69թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում՝ Վ.Քեթենջյանի դասարանում: 1969-74թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Լ.Չունգուրյանի դասարանում: 1974թ. աշխատել է Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցում: 1979-84թթ եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության «Հայ երգի կամերային երգչախմբի» հիմնադիր դիրիժոր: 1983-91թթ ղեկավարել է Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը 1987թ. Լիտվայի Կաունաս քաղաքում միութենական 19 համալսարանական երգչախմբերի հեղինակավոր մրցույթում գրավել է առաջին տեղը: 1989-91թթ եղել է «Bridges of Song» փառատոնի կազմակերպիչ, անդամ: Ղեկավարել է աշխարհի միացյալ երգչախումբ թվով 20000 երգիչներ (Տալլին, 1991թ.): 1991-94թթ Բեյրութում վերակազմել է Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը: 1996թ. ստեղծել և ղեկավարել է Երևանի կամերային երգչախումբը (2005թ-ից՝ պետական, կատարվել և ձայնագրվել են 147 խմբերգեր): 2012թ. Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը: 1982թ. արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության պետական մրցանակի (4 ձայնասկավառակ Մելոդիա ֆիրմա և 1 ձայնասկավառակ ԱՄՆ-ում), 2013թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: