Ծնվել է 1949թ. նոյեմբերի 10-ին, Երևանում: 1964-65թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ժողովրդական պարերի բաժնում: 1965-72թթ աշխատել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պրի պետական անսամբլում սկզբում որպես պարող, այնուհետև` մենապարող: 1972-87թթ որպես մենապարող տեղափոխվել է Հայաստանի պարի պետական անսամբլ: 1996թ. հանդիսացել է «Նաիրիտ» միավորման մշակույթի պալատի գեղարվեստական ղեկավարն ու պարերի բեմադրողը: 1997թ. որպես հրավիրված բալետմայստեր աշխատել է Իրաքի հանրապետությունում և սփյուռքաշատ տարբեր երկրներում որպես պարային խմբերի բալետմայստեր, պարերի բեմադրող: 1998-99թթ եղել է Երևանի Շենգավիթի թաղապետարանի հիմնարկի փոխտնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, պարային խմբի ղեկավարն ու պարերի բեմադրողը: 2004թ. Սիրիայի Լաթաքիա քաղաքում ղեկավարել է Համազգայինի «Գեղարդ» պարախումբը: 2006թ. աշխատել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում որպես գլխավոր բալետմայստեր: 2006-09թթ աշխատել է Թեհրանի մշակութային Չահար-Մահալ կենտրոնի «Կարապ» ժողովրդական պարարվեստի կենտրոնում, որտեղ բեմադրել է 2 մեծ ծրագիր: 2009թ. վերադարձել է Երևան և մինչև 2010թ. եղել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ժողովրդական պարերի գծով փոխտնօրենը: 2010-14թթ կրկին անգամ հրավիրվել է Թեհրան և տեղի մշակութային կենտրոնում բեմադրել է երկու բեմադրություն: Բեմադրություններ է արել նաև Արցախի պարի պետական անսամբլում: 2010թ. Արցախի մշակույթի նախարարության կողմից հրավիրվել է Արցախ որպես 2009-10թթ ուսումնական տարվա քննությունների հանձնաժողովի նախագահ: Մի շարք նոր բեմադրություններ է կյանքի կոչել Հայաստանի և Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում: Հայաստանի երգի-պարի և Հայաստանի պարի պետական անսամբլներում աշխատած տարիներին համերգային շրջագայությունների է մեկնել շուրջ 50 երկիր: 2015-19թթ կրկին աշխատել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում որպես փոխտնօրեն և համերգային մասի համակարգող: 2019-20թթ հանդիսացել է Սիրիայի «Հալեպ» բարեգործական միության «Անդրանիկ» պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը: 2023թ. նշանակվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր: