Ծնվել է 1937թ. սեպտեմբերի 18-ին, Վրաստանի Ախալցխայի շրջանի Սուֆլիս (Սուրբ Լույս) գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1974թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, Հայաստանի գրողների միությունում: Եղել է Մասիսի «Նոր ուղի» շրջանային երկլեզվյա թերթի գլխավոր խմբագիրը: Զգալի աշխատանք է կատարել հայ-վրացական գրական կապերի կայունացման և զարգացման գործում: Հատկանշական են նրա զրույցները ու հարցազրույցները Իոսեբ Նոնեշվիլու, Նոդար Դումբաձեի, Մորիս Փոցխիշվիլու, Ջանսուղ Չարկվիանու, ինչպես նաև` Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Տիգրահն Մանսուրյանի և ժամանակակից գրական և մշակութային մյուս անհատականությունների հետ: Նրա բանաստեղծությունները տպագրվել են հանրապետական գրական մամուլում: Հեղինակել է շուրջ 30 գիրք, որոնցից 6-ը՝ թարգմանական։ Հրատարակվել են նրա «Ճամփեզրի ծառը» (1977թ.), «Վարեց Հարություն Հովնաթանը, ցանեց Հովհաննես Շիրազը» (զրույցներ, 1992թ.), «Օքրո Օքրոյան. գիրք վերադարձի» (վկայություններ բանաստեղծի մասին, 2004թ.), «Հոգին հոգու հետ» (2013թ.), «Ծիածանվող հոգիներ» (2014թ.) և այլ գրքեր: Վրացերենից և ռուսերենից թարգմանել է մի շարք գրքեր՝ Մորիս Փոցխիշվիլու «Բացվի՛ր, երկինք» (ժողովածու, 1980թ.), «Իմ Դաղստան» (բանաստեղծություններ, արձակ էջեր, թարգմանական համահեղինակությամբ, 1980թ.), Օսիկո Գվարիշվիլու «Ստալինը և տխրահռչակ 1937 թվականը» (վավերագրական արձակ, 2000թ.), Թեյմուրազ Կոմախիձեի «Բարեկամության ուղիներով» (ակնարկներ, 2000թ.), Ջեմալ Ջամելու «Աստղային կանչ» (բանաստեղծություններ, 2002թ.) և այլն: