Zark Foundation

Հարություն Ճուղուրյան

Հարություն Ճուղուրյան

Արձակագիր

24 հոկտեմբեր, 1864 - 28 հունվար, 1938

Ծնվել է Հայաստանի Խաշթառակ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1890թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Հայոց լեզու է դասավանդել Թիֆլիսի Գայանյան, Այգեպանական, Քաղաքային և այլ դպրոցներում։ Ֆելդշերական դպրոցում հայոց լեզու է դասավանդել Սերգո Օրջոնիկիձեին։ 1898թ. ձեռնադրվել է քահանա: 1923թ. տեղափոխվել է Երևան։ 1925թ-ից կրկին ուսուցչություն է արել ծննդավայրում և Իջևանի այլ գյուղերում։ Տպագրվել է 1892թ-ից «Նոր-Դար»-ում։ Ամենավաղ գործը «Հովիվ Չատինի սերը» պատմվածքն է։ 1895-96թթ «Մոռացված աշխարհ» խորագրով լույս են տեսել նրա պատմվածքների երեք ժողովածուները։ Այնուհետև հրատարակվել են նրա «Աղա սուրբ Սարգիսը և Մալաք տատի հավատը» (1899թ.), «Աղքատի հալը» (1902թ.), «Գյուղի այրին» (1902թ.) պատմվածքները, «Շիրինանց Նախշունը» (1911թ.) վեպը։ 1900-ական թվականների սկզբներին նրա ստեղծագործության մեջ տեղի են ունեցել խոր փոփոխություններ։ Եթե դրանից առաջ հեղինակն «ամենայն հավատարմությամբ արձանագրել է իր տեսածը, լսածը...», ապա այդ ժամանակ թեքվել է դեպի սոցիալ-նարոդնիկության գաղափարական կողմնորոշումները։ Հայ գյուղագրական նշանավոր երկերից է նրա «Չատոյի բախտի անիվը» (1908թ.)։ Այս պատմվածքը գրելիս, 1905թ. հեղափոխությունը նրան պատկերացել է որպես «արդար դատաստանի» սկիզբ։ 1909թ. ցարական գրաքննությունը բռնագրավել է պատմվածքի ամբողջ տպաքանակը և ոչնչացրել։ Վերջին շուրջ երեք տասնամյակներում նրա գրած աչքի ընկնող գործը «Բատրակ Ոսկանը» պատմվածքըն է (1930թ.)։ Հեղինակը հավատացած է եղել, որ գոյություն ունեցող սեփականատիրական կարգերում հնարավոր է ժողովրդի ծոցից ելած մտավորականների և կրթված հոգևորականների միջոցով լուսավորել գյուղը, վերացնել սոցիալական չարիքը։ Այսօր նրա երկերն ուշագրավ են պատմական, ճանաչողական-փաստագրական տեսանկյունից։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Հայաստանի Խաշթառակ գյուղում, թաղված է Երևանում: Խաշթառակի միջնակարգ դպրոցը կոչվում է նրա անվամբ։