Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Եղել է բանաստեղծ Արտաշես Տեր-Մարտիրոսյանի որդին: 1938թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: 1941թ-ից մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, այնուհետև՝ ավարտել ընդհատված ուսումը: 1950թ-ից պեղումներ է կատարել Գոլովինոյում, Կարմիր բլուրում, Գառնիում, Արմավիրում, հետազոտական աշխատանքներ՝ Լենինականում, Գեղարոտում և այլուր: 1960թ-ից ղեկավարել է Գեղամա լեռների ժայռապատկերների ուսումնասիրության աշխատանքները, 1962թ-ից՝ Արգիշտիխինիլի քաղաքի պեղումները: Նրա հետազոտությունները կարևոր ավանդ են Հայկական լեռնաշխարհի և Անդրկովկասի հնագույն մշակույթի, Ուրարտուի պատմության ուսումնասիրության, ինչպես նաև հնագույն դարաշրջանների ժամանակագրության գիտական պարբերացման և Հին Արևելքի ժողովուրդների հետ Հայկական լեռնաշխարհի ու Կովկասի հնագույն ցեղերի փոխհարաբերությունների հետազոտման ասպարեզում: 1965թ. ստացել է պատմական գիտությունների դոկտոր գիտական աստիճան (1966թ-ից՝ պրոֆեսոր): Մահացել է Երևանում: