Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, հետագայում ինքնակրթությամբ խորացել աստվածաբանության, փիլիսոփայության և լեզուների ուսումնասիրության մեջ։ Թարգմանել է Հերոդոտոսի, Շ.Մոնտեսքյոյի, Ժան Ժակ Ռուսոյի, Հ.Տենի, Հ.Սպենսերի և այլոց գործերը։ Իր ուսուցիչ Խ.Միսաքյանի և Հ.Չամուռճյանի (Տերոյենց) կենսագիրն է եղել («Հին օրեր։ Պոետ Խաչատուր Միսաքյան և իրեն ժամանակակից իմացականին վրա հայացներ, 1815 էն 1891», 1907թ., «Տասնևիններորդ դար և Հովհ. Պրուսացի Տերոյենց», 1908թ.)։ Հեղինակել է կրոնաիդեալիստական երկեր («Ալելույա։ Տասնյակ իմաստասիրական», 1908թ. և այլն)։ Նրա պատմաբանասիրական հետազոտությունները վերաբերում են հայ առևտրական բուրժուազիայի ձևավորման և զարգացման պատմությանը («Հին օրեր ու այդ օրերուն հայ մեծատունները։ 1550-1870», 1901թ., «Թուրքահայոց հին վաճառականությունն և վաճառականք։ 1740-1890», 1908թ., «Մասնական պատմություն հայ մեծատուններու։ 1400-1900», 1909թ.) և հայ գրականությանը («Պատմություն հայ գրականության», մաս 1, 1910թ.)։ Նրա միստիկական խորհրդածությունները, խրթին գրելաոճը և ճգնավորական ապրելակերպը քննադատել են Գրիգոր Զոհրապը, Թեոդիկը և ուրիշներ։ Հանդես է եկել Հարություն, Ակումիտ, Ուխտավոր, Խաչքնար գրական կեղծանուններով: Մահացել է Կոստանդնուպոլսում: