Zark Foundation

Հարություն Շամշինյան

Հարություն Շամշինյան

Գեղանկարիչ

9 փետրվար, 1856 - 1 փետրվար, 1914

Ծնվել է Թիֆլիսում: 1874-77թթ սովորել է տեղի գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչական դպրոցում, 1877-82թթ` Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1883թ. կատարելագործվել է Փարիզում, Մյունխենում, Վենետիկում: 1884թ-ից հաստատվել է Թիֆլիսում, դասավանդել Ներսիսյան, Գայանյան և Սբ. Նշան դպրոցներում, մշակել նկարչության դասավանդման ծրագրեր, կազմել և հրատարակել գծագրության ու հեռանկարի ձեռնարկ: Նկարչի արվեստին (կենցաղային ժանրի կտավ, բնանկար, դիմանկար) բնորոշ է իրականության հավաստի վերարտադրումը: Գործերից են` «Հին Թիֆլիս» (1887թ.), «Շեյթան բազար» (1890թ.), «Սանահինի կամուրջը» (1899թ.), «Լեռնցիների դադարը» (1902թ.), «Նկարչի մոր դիմանկարը» և այլն: Հայ իրականության մեջ առաջիններից է, որ ստեղծել է օֆորտի տեխնիկայով գրաֆիկական թերթեր (Պ.Պ.Չիստյակովի, Խ.Աբովյանի դիմանկարները, «Փոստատան բակում» բնանկարը): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թիֆլիսում (1913թ.), մահվան 40-րդ տարելիցին` Երևանում (1954թ.): Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում (նաև իր դիմանկարը, գործ` Մ.Վռուբելի, 1883թ.). Թբիլիսիի պատմաազգագրական և թատերական թանգարաններում: Մահացել է Թիֆլիսում: