Սերում էր Հեթումյան տոհմից: Հոգևոր անունը եղել է Անտոն: 1294-1305թթ եղել է հայոց սպարապետ, վարել մի շարք հաղթական ճակատամարտեր հարևան մահմեդական իշխանությունների (հատկապես Եգիպտական սուլթանության) դեմ: 1305թ. սպարապետությունն իր որդի Օշինին հանձնելով՝ ընդունել է լատինադավանություն, մեկնել Կիպրոս՝ կրոնավորելու: 1307թ. Կղեմես 5-րդ պապի հանձնարարությամբ գրել է թաթար-մոնղոլների պատմությունը, որը արժեքավոր տեղեկություններ է պարունակում միջնադարյան Արևելքի, Հայաստանի, Կովկասի ու հարակից երկրների մասին: Նրա երկասիրությունը գրվել է միջնադարյան ֆրանսերենով, ապա վերածվել լատիներենի (հետագայում թարգմանվել ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, հոլանդերեն և այլն): 1842թ. Մկրտիչ Ավգերյանը լատիներենից թարգմանել է գրաբար՝ նրան կցելով նաև Հեթումի անունով հայտնի ժամանակագրությունը, որն ընդգրկում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի և ասիական ու եվրոպական պետությունների 1096-1307թթ շրջանի պատմությունից: